Շուշիի ազատագրմամբ մեր նախնիները մեզ նվիրել էին մեկ հաղթանակ, մեր սերնդակիցները հայ ժողովրդին վերադարձրին եռատոն, իսկ այս իշխանությունների օրոք այդ եռատոնը նորից դարձավ մեկ տոն, և մեր այս պայքարը ապագա հաղթանակների, մեր արժանապատվության համար է, այս մասին Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Արժանապատվության հիմքում ընկած են ազգային անվտանգության հիմնարար արժեքները։ Այս իշխանությունների օրոք իջեցվեց հաղթանակի նշաձողը, եռատոնը դարձավ միայն մեկ հաղթանակ։ Այս իշխանությունների օրոք անկախության նշաձողը իջեցվեց մանրահատակի մակարդակի, այս իշխանությունների օրոք խաղաղությունն ու արտաքին լայն, համարձակ քաղաքականությունը իջեցվեց շղարժի մակարդակի, ոչ թե արժանապատիվ խաղաղության, այլ խաղաղություն մուրալու մակարդակի»,– ասաց նա։

Սեյրան Օհանյանը նշեց, որ այս իշխանությունների օրոք պետության, ժողովրդի պաշտպանությանը նշաձողը նույնպես իջեցվեց, իշխանությունները ցույց են տալիս, որ իրենց համար միևնույն է, թե սահմանին ինչ կտիրի, առհասարակ երկրում ինչ վիճակ կլինի, նրանց համար կարևոր են իրենց պաշտոնները, որոնք պահելու համար պատրաստ են ամեն ինչի, այդ թվում՝ բիրտ ուժի կիրառման։

«Սիրելի հայրենակիցներ, այսօր դեպքեր են տեղի ունենում, որ խելացի, նորմալ, համարձակ իշխանությունները այդպես չէին վարվի, այդպես կվարվեին միայն վախկոտ իշխանությունները։ Չեմ կարող չանդրադառնալ այսօր տեղի ունեցած մի դեպքի․ Արցախի համար պատերազմի մասնակից, «Մարտական խաչի» ասպետ գնդապետը կանգնած է մայթին, և ոստիկանության մայորն ասում է՝ սրան էլ բռնեք։ Գնդապետն ասում է՝ այդ ինչպես ես խոսում ինձ հետ, ես բանակի գնդապետ եմ, ի՞նչ է ասում մայորը Ոստիկանական զորքերի։ Հազար անգամ ներողություն եմ խնդրում, բայց դա իրենց վախկոտ ղեկավարի խոսույթն է, ասում է՝ իսկ ես էլ գնդապետ շինող եմ։ Այնուհետև գցում են քացու տակ, ոտքերով հարվածում են գլխին, կողքից մեկն ասում է՝ ինչ եք անում, չէ՞ որ նա «Մարտական խաչի» ասպետ է, ոստիկանության մայրոն ասում է հետևյալը՝ թուհ քո «Մարտական խաչի» վրա և թուհ քո վրա, թքում են մարտական գործողությունների մասնակից գնդապետի վրա»,– ասաց նա՝ հավելելով, որ նման մարդիկ մարտի դաշտից ճողոպրածներ են։

«Ուզում եմ ժողովրդի անունից ասել հետևյալը, լսիր, մայոր, դու ժողովրդի առաջ պատասխան ես տալու, մենք քո դեմքը գիտենք, քո ղեկավարի ճոճած մուրճը քո գլխին է ջարդվելու։ Եվ ես իմ մարտական ընկերների անունից ասում եմ՝ ոտդ քամակից պոկելու ենք, ժամանակը գալու է դրա»,– ասաց նա։  

Սեյրան Օհանյանն այնուհետև անդրադարձավ բանակի թեմային՝ նշելով, թե ինչ բարեփոխումներ է անելու այն ազգային ուժը, որը կգա իշխանության։ Առաջին հերթին՝ գնահատել իրավիճակը՝ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգության սպառնալիքները, ինչի հիմա վրա անց է կացվում պաշտպանական ռազմավարական վերանայում, ինչից հետո իշխանությունները պարտավոր են արված բարեփոխումները ներկայացնել ժողովրդին։ Երկրորդ՝ նման դժվար իրավիճակներում զգոնությունը, պահանջկոտությունը, օրինականության և կարգապահության աստիճանը բազմակի անգամ ավելացվում է, ինչը հանգեցնելու է զինվորի ինքնավստահության աճին։ Երրորդ՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի պետական ծրագրի իրականացում, իսկ դրա համար անհրաժեշտ է նորմալ արտաքին քաղաքականություն, ինչպես նաև ներքին արտադրության տեմպերի արագացում։ Նա նաև վստահեցրեց, որ շատ կարճ ժամանակահատվածում կիրականացվի այն, ինչ այս իշխանությունները չեն կատարել այս ընթացքում։

«Սիրելի հայրենակիցներ, մենք մեր պայքարի ոգին ցույց ենք տվել, մենք արդեն անցել ենք բեկումնային փուլը, մենք մեր շարժման թափանիվը պարտավոր ենք պտտել մինչև վերջ, այս պայքարը վերկուսակցական պայքար է, յուրաքանչյուր անհատի պայքար է, դրա համար օրըստօրե մեր քաղաքացիների քանակն ավելանում է, սա հայապահպանության պայքար է, մեր ազգային արժանապատվության պայքարն է»,– ասաց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ անհնազանդության ակցիաներով պետք է հանրային այնպիսի ճնշում բանեցնեն, որպեսզի այս իշխանությունները հեռանան։