Քիչ առաջ ավարտվեց Իշխան Սաղաթելյանի, Արթուր Վանեցյանի, Հայկ Մամիջանյանի եւ մի քանի այլ պատգամավորի հանդիպումը ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ։

Դուրս գալով ոստիկանության կենտրոնական շենքից՝ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, թե ոստիկանապետ Վահե Ղազարյանին եւ ոստիկանության մյուս բարձրաստիճան ծառայողներին ներկայացրել են  «Դիմադրություն» շարժման պահանջները։

Ի պատասխան շարժման առաջին պահանջի, որ այս օրերին ցուցարարների եւ պատգամավորների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների գործունեությունը պետք է կասեցվի եւ նրանք քրեական պատասխանատվության ենթարկվեն, ոստիկանապետն ասել է, որ այս պահին կասեցված է ոստիկանական մեկ ծառայողի գործունեությունը, իսկ 37 ոստիկանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, հարուցվել են մեկ տասնյակից ավելի քրեական գործեր։

«Իսկ այսօրվա դեպքերով տեղի են ունենում ուսումնասիրություններ, եւ ոստիկանությունը շատ կարճ ժամկետում հանդես կգա հայտարարությամբ՝ կոնկրետ դեպքերով։ Գիտեք, որ այս ընթացքում ավտոերթերի ժամանակ ապօրինաբար 80 ավելի մեքենա է բռնագրավվել, պայմանավորվել ենք, որ այդ մեքենաները վերադարձվեն մեր հայրենակիցներին»,– հայտարարեց Սաղաթելյանը։

Պատգամավորները ըստ Սաղաթելյանի՝ ոստիկանության ղեկավարությանը փոխանցել են, որ ոստիկանների կողմից իրենց եւ շարժման մասնակիցների նկատմամբ իրականացվող անհամաչափ ուժը չի կասեցնելու «Դիմադրություն» շարժման պայքարը։

«Մենք կոչ ենք արել, որ վերջ տրվի նման գործողություններին, հուսով եմ, որ ըմբռնումով կվերաբերվեն մեր կոչին»,– ասաց Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանն ընդգծեց, որ իրենց ներկայացրած պահանջների հիմնական մասը բավարարված է, բայց հետեւողական են լինելու եւ սպասելու են արդյունքներին։ Այնուհետև ցուցարարները վերադարձան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ընթանում է հանրահավաք։