ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը չորեքշաբթի սպառնացել է Թուրքիային, որ ԱՄՆ կհրաժարվի ամերիկյան F-16 կործանիչների մատակարարումից, եթե Անկարան չաջակցի Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը: Սենատորի խոսքերը փոխանցում է The Washington Post-ը։

Նա խիստ քննադատության է ենթարկել Անկարայի գործողությունները՝ ասելով, որ դրանք մտահոգություն են առաջացնում Թուրքիայի՝ որպես Միացյալ Նահանգների դաշնակցի հուսալիության կապակցությամբ երկրի կողմից ռուսական «Ս-400» զենիթահրթիռային համակարգերի գնումից եւ Ուկրաինայում ռազմական օպերացիայի կապակցությամբ Ռուսաստանի դեմ  արեւմտյան պատժամիջոցներին մնալ հրաժարվելուց հետո:

Մենենդեսը հիշեցրել է, որ Թուրքիան ցանկանում է մի քանի տասնյակ նոր F-16 կործանիչներ գնել, որոնց վաճառքը կպահանջի ինչպես ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի, այնպես էլ Կոնգրեսի հավանությունը։ «Հուսամ՝ վարչակազմը դա հաշվի կառնի F-16-ների հետ կապված Անկարայի հայտը դիտարկելիս,- հավելել է կոմիտեի նախագահը:- Դուք պետք է [Թուրքիայի նախագահ Թայիփ] Էրդողանին ասեք, որ իրեն այլ կերպ պահի, եթե ուզում է որ հայտը դիտարկվի»:

Իր հերթին դաշինքի հետ կապված հարցերով զբաղվող Սենատի խմբի նախագահ Թոմ Թիլիսը (Հյուսիսային Կարոլինա) ասել է. «Կարծում եմ, որ ի վերջո ամեն ինչ կլուծվի»։ Սենատորը նշել է, որ թեեւ ԱՄՆ-ն ունի «ցանկացած լծակ»՝ Թուրքիային համագործակցել  ստիպելու համար, այն «չի ցանկանա ամեն ինչ դրան հասցնել»։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը, երկուշաբթի ելույթ ունենալով Անկարայում, հայտարարել է, որ չի համաձայնի Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին այն բանից հետո, երբ երկու երկրները հրաժարվեցին բավարարել ենթադրյալ ահաբեկչական կազմակերպությունների արտահանձնման մասին Թուրքիայի խնդրանքը։ Որպես մեկ այլ պատճառ՝ ինչու Անկարան պատրաստ չէ աջակցել այդ երկրների մուտքին ՆԱՏՕ, Էրդողանը նշել է Թուրքիային պաշտպանական արդյունաբերության արտադրանքի մատակարարման սահմանափակումների սահմանումն է: