Կորեայի Հանրապետության Ազգային հետախուզական ծառայությունը կարծում է, որ ԿԺԴՀ-ի իշխանություններն ավարտել են հերթական միջուկային փորձարկման նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հինգշաբթի օրը հարավկորեական Yonhap լրատվական գործակալությանը հայտնել են Ազգային ժողովի (խորհրդարանի) հետախուզության հանձնաժողովի անդամները։

«Չնայած Հյուսիսային Կորեայում կորոնավիրուսի հետ կապված ներկայիս իրավիճակին, կան հրթիռային արձակման [պատրաստվելու] նշաններ։ Միջուկային փորձարկումների նախապատրաստական աշխատանքները լիովին ավարտված են, [նրանք] պարզապես ժամանակ են ընտրում»,- փակ ճեպազրույցից հետո հատուկ ծառայության գնահատականների մասին ասել են պատգամավորները։

«Քանի որ նշանները բացահայտված են, իսկ նախապատրաստական աշխատանքները վերջին փուլում են, հրթիռի արձակումը կարող է տեղի ունենալ որոշ ժամանակ անց։ Կարելի է ասել, որ զարմանալի չի լինի, եթե միջուկային փորձարկումներ կամ հրթիռների արձակում տեղի ունենա,- ասել է պատգամավոր Կիմ Բյոն Գին։ Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ կփորձարկվի։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մայիսի 20-ին կայցելի Հարավային Կորեա։ Փորձագետները մտավախություն ունեն, որ այս այցի ընթացքում ԿԺԴՀ-ն կարող է հերթական անգամ սպառազինության փորձարկում կատարել։ ԱՄՆ-ի իշխանությունները ավելի վաղ հայտարարել էին, որ Փհենյանն արդեն մայիսին կարող է միջուկային փորձարկումներ իրականացնել։