Մեր մոտեցումն այն է, եղել, որ Ադրբեջանի և Հայաստանի կողմից առաջարկված փաթեթները պետք է միացնել եւ դրա արդյունքում սկսել բանակցություններ խաղաղության օրակարգի շուրջ: Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Մենք այս հարցը Բրյուսելում, բնականաբար, բարձրացրել ենք: Մեր տեսածն այն է եղել, որ Ադրբեջանի կողմից կա ընկալում, որ մենք պետք է առաջ շարժվենք: Բայց վերջին շրջանում կան նաեւ հրապարակային հայտարարություններ այս մասով: Մենք հույս ունենք, որ ինչ-որ պահի գալու ենք ընդհանուր հայտարարի խաղաղության օրակարգի շուրջ, որովհետեւ խաղաղության  օրակարգը չի կարող միակողմանի լինել, պետք է երկկողմ լինի:  Այդ երկկողմի տրամաբանության մեջ պետք է ներառի այդ երկու  առաջարկների փաթեթը:

Հայաստանի մոտեցումը շարունակում է մնալ սա, որ պետք է միացնել այդ երկու օրակարգերը եւ առաջ շարժվել: Կշարունակենք աշխատել, որ կարողանանք հասնել արդյունքի»,-ասաց նա:

Արմեն Գրիգորյանը հավելեց, որ հենց սկզբից էլ իրենք հասկացել են, որ խաղաղության գործընթացը դժվար գործընթաց է, բայց շարունակելու են աշխատել այդ ուղղությամբ: