Ինդոնեզիան կհանի արմավենու յուղի արտահանման մեկամսյա արգելքը՝ հիմնվելով առաջարկի բարելավման եւ յուղի ներքին գների վրա, հաղորդում է AP-ն:

Նախագահ Ջոկո Վիդոդոն հայտարարել է, որ արտահանումը կվերսկսվի երկուշաբթի օրը:

Ինդոնեզիան եւ Մալայզիան արմավենու յուղի աշխարհի խոշորագույն արտահանողներն են։ Այդ յուղը կարեւոր դեր է խաղում նրանց տնտեսության մեջ։ Նրանց բաժին է ընկնում արմավենու յուղի համաշխարհային արտադրության 85 տոկոսը:

Բուսական յուղի համաշխարհային մատակարարումների վրա ճնշումը մեծացել է Ուկրաինայի պատերազմի պատճառով, որին բաժին է ընկնում համաշխարհային արեւածաղկի ձեթի գրեթե կեսը, բացի Ռուսաստանից ստացվող 25 տոկոսից:

Արմավենու յուղի գներն աճել են 200 տոկոսով կամ ավելի այն բանից հետո, երբ Ինդոնեզիան արգելել է բուսական յուղի եւ դրա հումքի արտահանումը, որպեսզի նվազեցնի տեղական դեֆիցիտը եւ զսպի գների սրընթաց աճը:

Վիդոդոն մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ իր կառավարությունը նախատեսում է վերացնել արգելքը, եթե բուսական յուղի մեծաքանակ գինը հասնի 14 000 ռուփիի (0,96 դոլար) մեկ լիտրի համար։ Նա ասել է, որ նպատակին դեռ չեն հասել, բայց ինքն ակնկալում է, որ առաջիկա մի քանի շաբաթներին այն ավելի կընկնի, քանի որ արմավենու յուղը հասանելի կդառնա: