44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորեղբայր Արթուր Գալեյանը ներկայացել է ինքնակամ, բացի այդ, ազատության մեջ գտնվող անձին մեղադրանք առաջադրելիս ձերբակալելը իմպերատիվ պահանջ չէ, հետեւաբար, մենք դա վիճարկել ենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

«Այն հանգամանքը, որ ժամը 15-ից մինչեւ 20.30-ը գտնվել է ԶՔԳՎ շենքում, շենքի բակում եւ իմանալով, որ իր նկատմամբ առկա է ձերբակալման որոշում, որեւէ ոչ իրավաչափ գործողություն չի կատարել:

Ինչ վերաբերում է կալանավորման հիմքերին, չեմ սիրում ասել՝ անհիմն է, չպատճառաբանված է, կմտնենք, կերեւա: Մենք մեր պատճառաբանությունները բերելու ենք, եթե Աստված մի արասցե, դատարանը կորոշի կալանավորել, ես հենց այսօր դատարանի շենքից դուրս գալուց հետո կհրապարակեմ մի փոքրիկ տեսանյութ, որը ամբողջությամբ պարզ կդարձնի, թե  իմ պաշտպանյալներին ինչ է մեղասգրվում: Մասնավորապես, այդ զորամասի շարժի, մուտք ու ելքի եւ այլնի հետ»,-ասաց Վահան Հովհաննիսյանը:

Նա ընդգծեց, որ մինչեւ հիմա մեղադրանքի էությունը պատճռաբանված չի ներկայացվել, չեն պատճառաբանվել հիմքերը. «Մենք ինքներս չենք հասկացել՝ ինչ է այնտեղ գրված, մեր պաշտպանյալները որտեղի՞ց հասկանան:

Դատավորների հետ կապված մեր վստահորդները որոշակի մտավախություններ ունեն: Ես փորձել եմ փարատել, որովհետեւ մեր գործերով պարոն Պողոսյանը կայացրել է նաեւ  օբյեկտիվ, արդարացի որոշումներ: Կարծում ենք՝ այս անգամ եւս նույն համարձակությունը կդրսեւորի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել է N զորամաս ապօրինի մուտք գործելու, հրամանատարի տեղակալի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու  դեպքերի հետ կապված:

ՔԿ հաղորդագրության համաձայն, նախնական տվյալներով, 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 14:05-ի սահմաններում, մի խումբ անձինք, սահմանված կարգի խախտմամբ, մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք, որի ընթացքում չենթարկվելով զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին:

Նախաքննության ընթացքում պարզվել են իշխանության ներկայացուցչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած և ծանր վիրավորանք հասցրած անձանցից երեքի ինքնությունը, ովքեր Գարիկ և Արթուր Գալեյան եղբայրներն են, ինչպես նաև՝ քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը: