Պատահական չէ, որ այն գործերչը, որոնք գտնվում են դատավոր Դավիթ Արղամանյանի վարույթում, եւ ունեն հասարակական, քաղաքական որոշակի հնչեղություն, արդեն առաջին հարցը ծագում է այն առումով,  թե արդյոք ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվելու է թե ոչ: Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի, Աջափնյակի նստավայրում լրագրողների հետ զրույցում նշեց Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:

Նշենք, որ այս պահին դատարանը քննում է Իգոր Խաչատուրովի խափանման միջոցի հարցը, ինչպես նաեւ ձերբակալման իրավաչափության հարցը:

«Դա նշանակում է, որ անաչառ  դիտորդի մոտ Դավիթ Արղամանյանի անաչառության վերաբերյալ կասկածներ կան: Հասարակակն, քաղաքական գործերով Դավիթ Արղամանյանի մոտ առկա է անաչառության շատ մեծ դեֆիցիտ»,-ասաց Պողոսյանը:

Նա տեղեկացրեց, որ առանց իրեն Իգոր Խաչատուրովին վերել են քննչական մարմին, մեղադրանքի որոշումն են ներկայացնում, որ հասցնեն մինչեւ բողոքի քննարկումը կալանավորումը որպես խափանման միջոց կիրառեու միջնորդություն  ներկայացնելու դատարան. «Առավոտյան ժամը 8.30-ին SMS են ուղարկում, որ ժամը 9-ին նախատեսվում է քննչական գործողություն: Հասկանալի է, որ կես ժամը բավարար քննչական գործողությանը պատրաստվելու համար:

Ես պնդում եմ, որ Իգոր Խաչատուրովի նկատմամբ իրականացվողը կարող է իրականացվել բողոքի ցույցին ներկա գտնվող ցանկացած անձի հանդեպ: Ես ձեզ վստահեցնում եմ, որ որեւէ թույլատրելի, վերաբերելի ապացույց չկա, որը կհիմնավորի, որ  Իգոր Խաչատուրովը որեւէ հանցավոր արարք է կատարել: Բոլոր տեսանյութերով հիմնավորվում է, որ Իգոր Խաչատուրովը որեւէ ոստիկանի չի հարվածել: Ավելին, որեւէ ոստիկան գիտակցությունը չի կորցրել, ինչպես հաղորդել էր ՔԿ-ն: Ոստիկանները պետք է ընտրեն, կամ իրենք մեխի գլուխ են, կամ ստում են, որովհետեւ ըստ գործի հանգամանքների՝ որոշ ոստիկաններ տեսել են, որ Իգոր Խաչատուրովը հարվածներ է հասցնում, բայց որեւէ գործողություն չեն կատարել: Ինչու չկանխեցիք, ինչու բերման չենթարկեցիք:

Մենք պնդում ենք, որ Իգոր Խաչատուրովը որեւէ հանցավոր արարք չի կատարել, այս անհիմն միջնորդությունը պետք է մերժվի»,-ասաց Միհրան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Իգոր Խաչատուրովը ձերբակալվել է մայիսի 17-ին: ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով: