Քիչ առաջ խոսել ենք Գարիկ Գալեյանի հետ, վիճակը կայունացել է, այսօր էլ դեռ կմնա հիվանդանոցում: Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը:

Նշենք, որ այս պահին դատարանը քննում է Աստղիկ Գալեյանի ամուսնու եղբոր՝ Արթուր Գալեյանի կալանավորման հարցը:

«Սպասում ենք, որ դատարանի դահլիճից ազատ կարձակեն, որովհետեւ էս էն դեպքը չի, որ պետք է կալանքի տանեն: Եթե այդպես լիներ, պատերազմից հետո շատ-շատ հրամանատարներ, սպայական կազմից շատ մարդիկ լիքը փաստեր կան, որ մեղավոր են, թողել են զինվորներին: Նրանք ազատության մեջ են, նույնիսկ աշխատում են, ավելի բարձր պաշտոններ են զբաղեցնում: Եթե նրանք ազատության մեջ են, ամուսնուս եղբայրը եւս պետք է լինի ազատության մեջ.,-ասաց տիկին Աստղիկը:

Նա նշեց, որ իրենք չեն իմացել, որ դա զորամասի շենք է. «Ինչ որամաս, եթե մենք մայիսի 17-ին էնտեղ ենք եղել, անգամ բարձրացել ենք շենք, մեր ծնողներից մեկը այնտեղ կաբինետ ուներ, նստել, հանգստացել ենք, չենք իմացել, որ դա զորամաս է համարվում: Մուտք ու ելքը ազատ է եղել»:

Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել է N զորամաս ապօրինի մուտք գործելու, հրամանատարի տեղակալի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու  դեպքերի հետ կապված:

ՔԿ հաղորդագրության համաձայն, նախնական տվյալներով, 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 14:05-ի սահմաններում, մի խումբ անձինք, սահմանված կարգի խախտմամբ, մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք, որի ընթացքում չենթարկվելով զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին:

Նախաքննության ընթացքում պարզվել են իշխանության ներկայացուցչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած և ծանր վիրավորանք հասցրած անձանցից երեքի ինքնությունը, ովքեր Գարիկ և Արթուր Գալեյան եղբայրներն են, ինչպես նաև՝ քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը: