Աշխատանք կորցնելը շատ փոքր խնդիր է, երբ բոլորս կանգնած ենք հայրենիքը կորցնելու վտանգի առջեւ։ Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» հիմնադրամի նախկին աշխատակից Աննա Մանուկյանը։

«2012 թվականից աշխատում եմ իմ սիրելի հիմնադրամում՝ որպես ծրագրերի համակարգող։ Երեկ ստացել եմ աշխատանքից ազատվելու հրաման՝ ցույցերին մասնակցելու պատճառով։ Ցույցերին մասնակցել եմ բացառապես աշխատանքային ժամից հետո»,– ասաց նա:

Աննա Մանուկյանը նշեց, որ հիմնադրամի շնորհիվ է, որ դարձրել է ավելի հայրենասեր եւ ավելի շատ է սկսել սիրել Արցախը։ «Բոլորս պայքարելու ենք հանուն մեր զոհված զինծառայողների հիշատակի, «Եռաբլուրը» մեծացնողի, Ցեղասպանությունը ներողների, Արցախի 75 %-ը հանձնողի եւ Արցախի դրոշից սարսափողների դեմ»,- հայտարարեց նա։