Եվրամիությունն  ուսումնասիրում  է ռուսաստանցի գործարարների սառեցված ակտիվների օգտագործման միջոցները՝ պատերազմից հետո Ուկրաինայի վերականգնումը ֆինանսավորելու համար, ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

«Մեր իրավաբաններն աշխատում են օլիգարխների սառեցված ակտիվները Ուկրաինայի վերականգնման համար օգտագործելու հնարավոր միջոցների որոնման ուղղությամբ։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանը նույնպես պետք է ավանդ ներդնի»,- ասել է նա ZDF հեռուստաալիքին։

Ֆոն դեր Լյայենը նաեւ հայտարարել է, որ հանդես է գալիս Ուկրաինայի երկարաժամկետ վերականգնման օգտին՝ այն բարեփոխումների իրականացմամբ, որոնք անհրաժեշտ են Եվրամիությանը նրա անդամակցության համար։

Նրա խոսքով՝ չնայած ուկրաինացիներն իրենց ապագան տեսնում են ԵՄ-ում, բայց անդամակցության համար անհրաժեշտ է հետեւել որոշակի չափորոշիչների օրենքի գերակայության, տնտեսական եւ քաղաքական ոլորտներում։ «Անդամակցության գործընթացը շատ բանով կախված է այն բանից, թե ինչպես կպահի իրեն թեկնածուն եւ ինչ կանի։ Ուկրաինան ցանկանում է մտնել ԵՄ ամեն գնով, նշանակում է՝ անհրաժեշտ բարեփոխումների իրականացման մոտիվացիան մեծ է»,- ասել է նա։