Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մերժել է Գերհարդ Շրյոդերի դեմ պատժամիջոցներ կիրառելու Եվրախորհրդարանի պահանջը՝ ռուսական էներգետիկ ընկերությունների ղեկավար պաշտոններից հեռանալուց հրաժարվելու համար։

Հաագայում Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ լրագրողների համար մամուլի ասուլիսի ժամանակ Շոլցն ասել է, որ Շրյոդերին Բեռլինում հարկատուներից վճարվող գրասենյակային տարածքից զրկելու մասին Գերմանիայի խորհրդարանի այս շաբաթվա որոշումը «հետեւողական» եւ «ճիշտ» է, «ուստի կիրականացվի»: Սակայն Շոլցն ընդգծել է, որ նախկին կանցլերին պետք չէ այլեւս պատժել։

«Կարծում եմ, որ այս պահին այլ բան պետք չէ»,- ասել է գործող կանցլերը, երբ նրան հարցրել են Եվրախորհրդարանի բանաձեւի մասին, որը կոչ է անում ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել եվրոպացիների նկատմամբ, որոնք դեռեւս գտնվում են հայտնի ռուսական ընկերությունների խորհուրդներում։

«Ավելի լավ կլիներ, եթե Գերհարդ Շրյոդերը հեռանար զբաղեցրած պաշտոններից»,- հավելել է Շոլցը։

Շրյոդերը ռուսական «Ռոսնեֆտ» պետական նավթային ընկերության տնօրենների խորհրդի անդամ է, իսկ փետրվարին առաջադրվել է նաեւ ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերության տնօրենների խորհրդի կազմում։ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց անմիջապես հետո Բեռլինում Շրյոդերի գրասենյակի աշխատակիցները հրաժարական են տվել՝ ի նշան պաշտոններից հեռանալու նրա հրաժարվելու դեմ բողոքի։ Թեեւ նախկին կանցլերն այժմ կարող է կորցնել իր գրասենյակային տարածքը, նա դեռեւս ամսական 8300 եվրո նպաստ է ստանում: