Գերհազվագյուտ Mercedes-Benz մրցարշավային ավտոմեքենան վաճառվել է 143 միլիոն դոլարով, ինչն այն երբեւէ վաճառված ամենաթանկ ավտոմեքենան է դարձրել:

RM Sotheby's-ը հայտարարել է աճուրդում 143 միլիոն դոլարով 1955 թ. արտադրության Mercedes-Benz 300 SLR Uhlenhaut Coupe ավտոմեքենայի վաճառքի մասին։ Վաճառքը գերազանցել է աճուրդում վաճառված ամենաթանկ ավտոմեքենայի նախորդ ռեկորդը՝ ավելի քան 95 միլիոն դոլարով:

Վաճառքը, որի մասին առաջին անգամ հայտնել էր Hagerty Insider-ը, տեղի է ունեցել մայիսի 5-ին գերմանական Շտուտգարտ քաղաքի Mercedes-Benz թանգարանում կայացած գաղտնի եւ խիստ արտասովոր աճուրդում: Միջոցառմանը հրավիրված էին միայն Mercedes-Benz-ի ընտրված կոլեկցիոներներ եւ հաճախորդներ։

300 SLR Uhlenhaut Coupe-ն 1955 թ. հավաքված երկու ավտոմեքենաներից մեկն է եւ ավտոմոբիլային պատմության ամենաթանկ ավտոմեքենաներից մեկն է համարվում: Այն ստեղծվել է Mercedes-ի մրցարշավային բաժնի կողմից եւ անվանվել է գլխավոր ինժեներ եւ դիզայներ Ռուդոլֆ Ուլենհաութի պատվին։