Մենք եկել ենք այստեղ փոխանցելու մեր հստակ ուղերձը, որ այն մարդը, ով  երկրում տեղի ունեցողը կոչում է  ժողովրդավարական գործընթաց, Հայաստանում անելիք չունի: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, Հանրապետության հրապարակում «Մարիոթ» հյուրանոցի դիմաց «Դիմադրության» շարժման բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՅԴ երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Սևակ Նազարյանը:

Նշենք, որ Marriott Armenia Hotel-ում Freedom House միջազգային կազմակերպությունն անցկացնում է «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում, որտեղ նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ելույթը::

Ս. Նազարյանի խոսքով, մարդիկ, ովքեր հավաքվել են այստեղ, աչք ենք փակում այս իշխանության բոլոր հանցանքների վրա։ «Այստեղ հավաքվել են մարդիկ, որոնք մինչեւ 2018 թվականը ամենաչնչին միջադեպին անգմ տալիս էին մեծ արձագանք, ցույց էին տալիս իբր ժողովրդավարությունը Հայաստանում շատ ծանր վիճակում է: Այսօր դրանցից բազմապատիկ անգամ հանցանքներ ու զանցանքներ գործող այս ռեժիմը, ոստիկանական համակարգը, որեւէ արձագանք չի գտնում այդ  նույն նախկին այսպես կոչված իրավապաշտպանների կողմից: Ակնհայտ է, որ սրանք արեւմտյան երկակի ստանդարտներն են: Մարդիկ, որոնք խայտառակում են Հայաստանում արեւմտյան պետությունների անունը: Մարդիկ, որոնք հայտնի կենտրոններից ֆինանսավորվելով ՀՀ-ում տարիներով խտացրել են գույները, կեղծ քարոզչություն տարել եւ հիմք ստեծել իշխանազավթման համար: Այո, նախկինում էլ եղել են ժողովրդավարությանը չհամապատասխանող քայլեր, բայց ի՞նչն է պատճառը, որ այսօր երբ փողոցներում ռեժիմի կողմից մարդիկ են ծեծվում, ոչ մի արձագանք չկա:  Հակառակը, դեսպանի մակարդակով փորձ է արվում պաշտպանել այս հայրենադավ իշխանություններին: Սա նշան է, որ այս իշխանությունները դրածո են, դրսից ֆինանսավորվել են, տարիներով աճեցվել ՀՀ-ում իշխանությունը զավթելու համար»,-ասաց Նազարյանը:

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանն ասաց, որ այս հյուրանոցում անցկացվում է «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում:

«Մենք եկել ենք հասկանալու, թե այս մարդիկ, որ հավաքվել են այստեղ, որտե՞ղ են տեսնում ժողովրդավարություն։ Այս օրերին «Դիմադրության» շարժման ընթացքում եղել են հարյուրավոր ապօրինի բերման ենթարկումներ, ձերբակալություններ, մարդու իրավունքների, արժանապատվության խախտումներ, լրագրողների աշխատանքի սահմանափակում, լրագրողների նկատմամբ բռնություն։ Եկել ենք  հասկանալու՝  արդյոք նրանք այդ ամենը քննարկելու են այստեղ։

Նրանց օրակարգը շատ կարևոր է։ Ժողովրդավարությունը շատ կարևոր է։ Բայց արդյո՞ք այն համապատասխանում է իրականությանը։ Ուզում ենք ասել, որ դուրս գան ու տեսնեն այստեղ հավաքված մարդկանց։ Սա է իսկական ժողովրդավարության բաիստիոնը, ոչ թե այն, ինչ- որ դուք եք ներկայացնում։ Դուրս եկեք և ականջալուր եղեք այստեղ հավաքված մարդկանց։ Արդյո՞ք այս օրերի ընթացքում փորձել եք հասկանալ այս մարդկանց, նրանց բարձրաձայնած խնդիրները։ Այո, մենք կողմ ենք  ժողովրդավարական արժեքներին, դրանք են մեր արժեքները, այստեղ հավաքված մարդկանց արժեքները,  բայց  դրանք դուք չեք պաշտպանում, պաշտպանում են այստեղ կանգնած մարդիկ, որոնք ամեն օր պայքարում են Հայաստանի ու Արցախի համար»,- ասաց Լ. Բեգլարյանը։

Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան», «Նիկոլ դիկտատոր», «ամոթ»:

Նշենք, որ «Մարիոթ» հյուրանոցում  Freedom House միջազգային կազմակերպությունն անցկացնում է «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում:

Այնտեղ նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ելույթը, միջոցառմանը ներկա են ԵՄ և ԱՄՆ դեսպանները, «ինչպես նաև իրավապաշտպան ներկայացող Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչներ»: