Արժույթի հարցը, որով ներմուծման մաքսատուրքերը բաշխվում են Եվրասիական տնտեսական միության երկրների միջեւ, պետք է լուծվի մոտ ապագայում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության կոլեգիայի անդամ (նախարար) Մաքսատ Մամիտկանովը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։

Մաքսատ Մամիտկանովը նշել է, որ մինչ այժմ ԵԱՏՄ բոլոր կարգավորող ակտերով ներմուծման մաքսատուրքերի բաշխման արժույթը դոլարն է եղել։ «Այսօր տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ Ռուսաստանն ու Բելառուսը բարձրացնում են այն հարցը, որպեսզի ռուբլին լինի այն միավորը, որը հաշվի կառնվի մեր բոլոր ֆինանսական միջոցներն ընդունելիս,- ասել է նա։- Սա բանակցությունների թեմա է, որի շուրջ այժմ համապատասխան միջոցներ են ձեռնարկվում՝ կողմերի դիրքորոշումները պարզելու եւ հասկանալու համար, թե որքանով մենք կարող ենք ամենակարճ ժամկետում ընդհանուր հայտարարի գալ»։

«Բայց ամենակարեւորը՝ բոլորը հասկանում են, որ մեր տնտեսությունների կայուն աշխատանքի համար հենց վճարային համակարգի համապատասխան գործիքներ են պետք, որոնք կապահովեն այդ կայունությունը։ Իսկ արժույթը (մաքսատուրքերի բաշխման) հենց միտված է նրան, որ վճարումներն անցնեն մեր երկրների միջեւ։ Այս բանակցությունների նպատակն այն է, որ մենք հեռանանք այն մարտահրավերներից, որոնք այժմ սկսում են ճնշել մեր տնտեսությունները»,- նշել է ԵՏՀ նախարարը։

«Հուսանք, որ երկրները ընդհանուր համաձայնության կգան այն արժույթի վերաբերյալ, որով այդ ամենը կարտացոլվի մեր երկրում։ Կարծում եմ՝ սա շուտով կլուծվի։ Բանակցությունները շարունակվում են»,- հավելել է Մաքսատ Մամիտկանովը: