2021 թվականի արդյունքներով՝ Հայաստանի Հանրապետությունը բանտային բնակչության խտության առումով զիջում է միայն մեկ եվրոպական երկրի, և այդ եվրոպական երկիրը Մոնակոն է: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին,  «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ իր ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սա ինչո՞ւ եմ ասում, որովհետև, կարծում եմ, ցուցիչ է: Նաև ձեզ հայտնի հանգամանքների բերումով փորձ է արվում ներկայացնել, թե ժողովրդավարական ճանապարհով իշխանության հասած քաղաքական թիմը Հայաստանի Հանրապետությունում փորձում է հաստատել բռնապետություն, փորձում է քաղաքական բռնաճնշումներ իրականացնել: Կարծում եմ՝ բանտային բնակչության խտության ցուցանիշն ինքն իր մասին խոսում է, որովհետև բռնապետության ձգտող երկրներում բանտային բնակչությունը խտանում է և ոչ թե նոսրանում, բանտերի թիվը շատանում է և ոչ թե պակասում:

Հետևաբար՝ ուզում եմ նաև ասել, որ մենք այս ընթացքում երկու քրեակատարողական հիմնարկ ենք փակել երկու պատճառով: Առաջինը, որ այդ քրեակատարողական հիմնարկների անհրաժեշտությունը չկա և երկրորդը՝ այդ քրեակատարողական հիմնարկները չեն համապատասխանում այն չափանիշներին, որոնք ուզում ենք ունենալ: Իհարկե, մյուսները նույնպես չեն համապատասխանում, բայց, ցավոք, գոնե այսօր չենք կարող բոլորը փակել: Ինչպես մեր Արդարադատության նախարարն է ձևակերպում, խնդիր է դրել, որ մենք Հայաստանում ունենանք երազանքի քրեակատարողական հիմնակ: Իհարկե, տարօրինակ է հնչում, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ՝ բացահայտում է մեր մտքերի ընթացքը:

Ուզում եմ ավարտել իմ ելույթը մի բառակապակցությամբ, որն էքսպրոմտով վերջերս ծնվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում՝ կեցցե հայկական ժողովրդավարությունը»:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ԱԺ փոխնախագահներ՝ Հակոբ Արշակյանը, Ռուբեն Ռուբինյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, Եվրոպայում ու Եվրասիայում Freedom House-ի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը, քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ: