Այսօր վաղ առավոտյան Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի ունեցած ճանապարհահատվածի փլուզման պատճառն այն է, որ «Սահակյանշին» շինարարական կազմակերպությունը, որը պատասխանատու էր ճանապարհի շինարարական աշխատանքները պատշաճ իրականացման համար, թերացել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասեց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը:

«Այժմ փորձում ենք գնահատել, թե որքան վնաս է հասցվել: ԱԻՆ-ի հետ մեր մասնագետները փորձում են հասկանալ՝ հետագայում փլուզման հավանականությւոնը որքան է: Շինարարը պարտավոր էր այդտեղ ամրակայման աշխատանքներ իրականացնել, ընդ որում երկար ժամանակ էր պարտավորված: Դեռ անցյալ տարվանից ճանապարհի երթևեկելի հատվածի մեկ կողմը փակ էր»,- ասաց Լևոն Սարդարյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին, ժամը 06:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում։ Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ:

Խնդրին անդրադարձել է նաեւ «ԵՊՀ Շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Արսեն Քարամյանը, ով մասնավորապես, նշել է. «Որտեղ էր իրավասու պետական մարմինը, երբ հաստատում էր Ծիծեռնակաբերդի խճուղու անմիջապես մայթեզրին կից շենքեր կառուցելու քաղաքաշինական փաստաթղթերը, այն դեպքում երբ հարևանությամբ կառուցվող շենքի պարագայում նույն պետական մարմինը պահանջել էր շենքը տեղակայել նույն խճուղուց 24-26 մետր հեռավորության վրա (դեպի ներս)»:

Փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է

Որտեղ էր իրավասու մարմինը, երբ հաստատում էր Ծիծեռնակաբերդի խճուղու հենց մայթեզրին շենք կառուցելու փաստաթղթերը. Քարամյան