Խնդրին ծանոթ ենք և 2-3 ամիս այնտեղ ուսումնասիրություններ էինք իրականացնում, որպեսզի հասկանայինք, թե ինչ վիճակում է այդ ճանապարհահատվածը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սահակյանշին» ընկերության ղեկավար Սուրեն Սահակյանը՝ մեկնաբանելով Ծիծեռնակաբերդի խճուղում փլուզման պատճառը:

«Պարզել ենք, որ անհրաժեշտ է ճանապարհի ասֆալտային ծածկույթը վերևի մասից հեռացնել, անհրաժեշտ է հեռացնել տակի հիմքը, որը անձրևների պատճառով թրջվել և ծանրացել է, և ճիշտ գրունտով վերականգնել: Քաղաքապետարանը մեզ հնարավորություն է տվել վերականգնել մեր հաշվին, և մենք դա սկսել ենք անել», -ասաց նա:

Սահակյանի խոսքով, պատի փլուզման պատճառը խոնավ եղանակն է. «Այս տարվա խոնավ եղանակը թույլ չտվեց, որ մենք ավելի շուտ սկսեինք աշխատանքը, իսկ նման իրավիճակի առաջացման պատճառը 2010 թվականին ճանապարհի ոչ ճիշտ լայնացումն է, որը մեր կողմից չի իրականացվել: Կարևորն այն է, որ մարդկային զոհեր չեն եղել, մենք գիտեինք, որ կա նման հավանականություն, և ճանապարհի այդ հատվածը փակված է եղել»:

Նա նաև հավելեց, որ այսօր առավոտյան Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ այցելել են փլուզման վայր, որոշումներ են կայացրել և սկսել շինաշխատանքներ:

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին, ժամը 06:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում։ Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը կարծիք էր հայտնել, որ Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի ունեցած ճանապարհահատվածի փլուզման պատճառն այն է, որ «Սահակյանշին» շինարարական կազմակերպությունը, որը պատասխանատու էր ճանապարհի շինարարական աշխատանքները պատշաճ իրականացման համար, թերացել է: