Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկիրն այդքան բնական ռեսուրսներ չունի, որ հնարավոր լինի ապրել դրանց հաշվին, փոխանցում է «ԲելՏԱ»-ն: Նրա խոսքով՝ այդ իսկ պատճառով պետությունն ապրում է «մարդկանց ուղեղի հաշվին»:

«Այդ իսկ պատճառով մեր գլուխը, մեր ուղեղը Բելառուսում աշխատանքի գլխավոր գործիքն է, եթե կարելի է այդպես ասել: Այդ իսկ պատճառով՝ բոլոր մասնագիտությունները լավն են: Սակայն կարեւոր են այն մասնագիտությունները, որոնք զարգացնում են պետությունը: Եթե մենք հետ մնանք, այդ նավթային, գազային եւ ոսկի արդյունահանող հսկաներն ուղղակի կհոշոտեն մեզ: Մենք նույնիսկ տեսանելի չենք լինի»,- ընդգծել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահի տեսանկյունից երկրին անհրաժեշտ է զարգացնել ամենաառաջավոր ուղղությունները, մասնագիտությունները եւ գիտությունը՝ առաջատարի դիրքում լինելու համար եւ ոչ թե հետնապահի: