ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարկանիշն ընկել է մինչեւ 39 ըոկոս։ AP-NORC հասարակական հետազոտությունների կենտրոնի հարցման համաձայն՝ սա ամենացածր ցուցանիշն է քաղաքական գործչի ողջ նախագահության ընթացքում: Ավելին, ամերիկացիների միայն մոտ 20 տոկոսն է կարծում, որ Բայդենի օրոք երկիրը ճիշտ ուղղությամբ է շարժվում, նույնիսկ Դեմոկրատական ​​կուսակցության կողմնակիցների շրջանում այս տեսակետը կիսում է միայն 33 տոկոսը:

AP-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի ցուցանիշներն իր կուսակցության ներսում ընդհանուր առմամբ տագնապալի է, քանի որ քաղաքական գործչի ընդհանուր վարկանիշը դեմոկրատների շրջանում անցյալ ամսվա ընթացքում ընկել է մինչեւ 73 տոկոս, ինչը 9 տոկոսով ցածր է վերջին հարցման տվյալներից:

Առանձին ուշադրություն է գրավում նաեւ ամերիկացիների վերաբերմունքը Սպիտակ տան՝ Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությանը՝ հարցվածների միայն 45 տոոկսն է հավանություն տալիս Մոսկվայի նկատմամբ Բայդենի մոտեցմանը, իսկ 54 տոկոսը չի աջակցում։ Ընդ որում, միայն 21 տոկոսն է վստահ, որ ԱՄՆ նախագահն ի վիճակի է հաղթահարել ուկրաինական ճգնաժամը, եւս 39 տոկոսը չի բացառում, որ նա կկարողանա դա անել, իսկ 39 տոկոսը նախագահի հաջողությանը չի հավատում։