Չնայած տարբեր մարտահրավերներին և գլոբալ ճգնաժամերին, Հայաստանը զարգացում է արձանագրել ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցում, այս մասին Երևանում այսօր անցկացված «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ իր ելույթում ասաց Freedom House իրավապաշտպան կազմակերպության եվրասիական տարածաշրջանի ծրագրերի ղեկավար Մարկ Բերենդթը։

«Չնայած տարբեր մարտահրավերներին և գլոբալ ճգնաժամերին, ինչպիսիք են COVID-ը և Երկրորդ Ղարաբաղյան պատերազմը, Freedom House-ը փաստում է, որ Հայաստանը զարգացում է արձանագրել ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցում, և մենք ուրախ ենք, որ բարեփոխումների շարքում են այդ հարցեր»,– ասաց նա։

Ըստ Freedom House-ի ներկայացուցչի՝ կարևոր է, որ Հայաստանում գործադիր և օրենսդիր մարմինները լսեն իրենց քննադատողներին։

«Բայց, այնուամենայնիվ, մեզ անհանգստացնում է զրպարտության քրեականացման խնդիրը, որը կարող է սահմանափակել մտքի և արտահայտման ազատությունը Հայաստանում։ Շատ կարևոր է, որ կառավարությունը և Ազգային ժողովը լսեն այս իրենց քննադատող ձայները և թույլ տան, որ նրանք մասնակցեն բարեփոխումների գործընթացներին»,– ասաց նա։