ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին շնորհավորական նամակ է գրել Անկախության օրվա առթիվ: Ինչպես հայտնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը, ուղերձում ասվում է.

«Այս տարի մենք նշում ենք Միացյալ Նահանագների եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը: Անցյալ 30 տարում մեր համագործակցությունն էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման եւ միջազգային անվտանգության ոլորտներում իր պտուղներն է տալիս պատմության կարեւոր պահին, Ադրբեջանը նշանակալի դեր է խաղում եվրոպական եւ միջազգային շուկաների անվտանգության եւ կայունության ապահովման գործում: Ադրբեջանի կողմից Ուկրաինայի ինքնիշխանութան պաշտպանությունը, ինչպես նաեւ Ուկրաինային հումանիտար եւ էներգետիկ ոլորտներում օգնության տրամադրումը կարեւոր ուղերձներ են: Մենք նաեւ հավանություն ենք տալիս Ձեր զգալի ներդրմանը ահաբեկչության դեմ համաշխարհային պայքարի գործում:

Այժմ եկել է ժամանակը հուսալու, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման կարեւոր հնարավորություն է ստեղծվել: ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից տնտեսական, տրանսպորտային կապերի եւ մարդկանց միջեւ կապերի հաստատմանը, ինչը կբերի Կովկասի եւ Անդրկասպյան տարածաշրջանի բարգավաճմանը: Ադրբեջանին կոչ ենք անում նպատակաուղղված քայլեր նախաձեռնել ժողովրդավարական կառավարման եւ բարեփոխումների ոլորտներում:

Այս գլոբալ անկայուն ժամանակաշրջանում, երբ Ռուսաստանը, պատերազմ ծավալելով Ուկրաինայի դեմ, փորձում է շարքից հանել միջազգային անվտանգության հիմնական նորմերը, ԱՄՆ-ն եւս մեկ անգամ հաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի անկախությանն ու ինքնիշխանությանը: Առաջիկա տարիներին եւ տասնամյակներին մենք մտադիր ենք էլ ավելի ընդլայնել մեր հարաբերությունները:

Ադրբեջանցի ժողովրդին Անկախության օրվա առթիվ լավագույն մաղթանքներս եմ փոխանցում»: