Ես ցնցվում եմ որոշակի մեկնաբանություններից, այն լեքսիկոնից, որն օգտագործվում է նույնիսկ հաստատություններում, որտեղ պետք է տիրեն բարեվարքության կանոններ, օրինակ՝ Ազգային ժողովում, այս մասին այսօր «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ում իր ելույթում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

Դեսպանը նշեց, որ շատ մարդիկ չեն հավանում իր տեսանկյունը, թեև ինքը զգալի առաջընթաց է տեսնում Հայաստանում, ինչպես նաև բարեփոխություն իրականացնելու զգալի հանձնառություն։ Դեսպանի խոսքով՝ կան խոչընդոտներ, թերություններ և անհրաժեշտ է բաց քննարկում, թե ինչ կարելի է ավելի լավ անել։

«Ամեն քայլում, ինչ անում ենք, պետք է ստանանք քաղհասարակության գնահատումը իրավիճակի և դա ներառել մեր առաջարկներում և մեր քաղաքականության մեջ։ Ես հիմա տեսնում եմ շատ աղտոտված իրավիճակ, տեսնում եմ մի իրավիճակ, որտեղ ինձ հետաքրքրում է, թե որտե՞ղ է Հայաստանի քաղաքացին, և կան շատ հարցեր, խնդիրներ, որոնք մենք պետք է հասցեավորենք միասին, և կրկին ես ասում եմ՝ ՄԱԿ-ը հիմքն է հանդիսանում, մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ Բայց գենդերային հավասարության, կանանց իրավունքների հարցում դեռևս կա բարելավելու տեղ Հայաստանում»,– ասել է նա։

Դեսպանը նաև նշել է, որ շատ կարևոր է որոշակի դժվար հարցեր լուծել, ինչպիսին է ընտանեկան բռնությունը, որը չպետք է անտեսվի։ «Դա նշանակում է, որ պետք է կանխարգելեք խտրականությունը, խարանումը խոցելի խմբերի համար, և ես կրկին խոսում եմ ԼԳԲՏ համայնքի մասին, այստեղ նրանք թիրախավորաված են որոշակի խմբերի կողմից և սա պետք է հասցեավորել, սա պետք է լուծվի և անվանում ստանա»,- ընդգծել է դեսպանը։

Անդրեա Վիկտորինը նշել է, որ շատ ոլորտներում կա լավ համագործակցություն, օրինակ՝ Մարդու իրավունքների գրասենյակի հետ․«Որովհետև սա պետք է լինի անկախ ինստիտուտ, սա կառավարության գործակալությունը չէ։ Երբ ես Հայաստանում Գերմանիայի դեսպանն էի) այստեղ, պետք է պաշտպանեի ՄԻՊ-ին այդ ժամանակ, որովհետև նա ուզում էր «Մարտի 1»-ի հետաքննություն աներ, և մենք պետք է միասին այնտեղ կանգնեինք, դա շատ կարևոր էր»,– նշեց նա՝ հավելելով, որ նման դժվար իրավիճակներում կառավարությունն ու քաղհասարակությունը պետք է փորձեն համալիր մոտեցում ցուցաբերել, միասին աշխատել, ոչ թե միմյանց դեմ, քանզի այդ դեպքում չի կարող առաջընթաց գրանցվել։

«Այն, ինչ ինձ անհանգստացնում է հիմա ատելության խոսքն է այս երկրում։ Երբ լսում եմ որոշակի մեկնաբանություններ, տեսնում եմ որոշակի հրապարակումներ, ես ցնցվում եմ, այն լեզվի պատճառով, որն օգտագործվում է, և այն օգտագործվում է նույնիսկ հաստատություններում, որտեղ բարեվարքության կանոններ պետք է տիրեն։ Օրինակ՝ Ազգային ժողովը։ Ես շատ կողմ եմ բարեվարքության կանոններ ներդնելուն։ Տեսնում եմ, որ երբ դուք ուրախ չեք, դուք կարող եք գտնել մի մարդ, որին կթիրախավորեք, և դա կարող է լինել վարչապետը, դա կարող է լինել միջազգային հանրությունը և այնուհետև դա բարձրանում է մի մակարդակի, որտեղ ես ասում եմ՝ լավ, արդյո՞ք ես ընդունում եմ այս քննադատությունը։ Ոչ, որովհետև դա անցնում է կարմիր գիծը։ Երբ ինչ-որ մեկը մոտենում է ինձ և ասում, որ պետք է ինչ-որ բան անեք գենդերային հավասարության վերաբերյալ, պետք է աշխատեք կարիքավոր կանանց ուղղությամբ, ես ընդունում եմ դա, և չեմ կրկնի այն, ինչ ինձ ասվում է, բայց ես ասում եմ՝ շատ լավ, ես ազատ եմ պատասխանելու, որովհետև ես չեմ տեսնում այնպիսի բան, որը պետք է համարեմ քննադատություն, և դա մի բան է, որը հիմնարար կարևորություն ունի»,– ասաց նա։

ԵՄ դեսպանը նաև նշեց, որ կարևոր է լսել միմյանց։ «Երբեմն դա շատ դժվար է։ Գոռալը հեշտ է, բայց պետք է միմյանց լսենք, այնուհետև զարգանանք որպես միջազգային հանրություն, ՄԱԿ-ի ընտանիք, որպես ինստիտուտներ, որոնք գտնվում են Հայաստանում և տեսնել, թե ինչպես կարող ենք առաջընթաց գրանցել։ ԵՄ-ն պատրաստակամ է, մենք շատ ակտիվ ենք տարբեր բարեփոխումների ոլորտում։ Մենք այն մարմինն են, որը միշտ պաշտպանում է մարդու իրավունքները, որովհետև մենք ամեն տարի ունենում ենք մարդու իրավունքների երկխոսություն»,– ասաց նա։