ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր Վաշինգտոնում հանդիպել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեուբերդիի հետ, ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է, որ պետքարտուղարը հաստատել է Ամերիկայի Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Ղազախստանի անկախությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։

«Նա նախագահ Տոկաեւի քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներն անվանել է դրական քայլ Ղազախստանում եւ Կենտրոնական Ասիայում բարգավաճման, անվտանգության ամրապնդման եւ մարդու իրավունքների պաշտպանության համար: Պետքարտուղար Բլինքենը հաստատել է մեր հանձնառությունը դաշնակիցների եւ գործընկերների, այդ թվում՝ Ղազախստանի վրա՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անհիմն եւ չհրահրված պատերազմին ի պատասխան Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ազդեցությունը նվազագույնի հասցնելու հարցում»,- ասվում է հայտարարության մեջ:

Հաղորդվում է նաեւ, որ Բլինքենը շնորհակալություն է հայտնել Թլեուբերդիին «Ղազախստանի կողմից Ուկրաինայի ժողովրդին ցուցաբերած առատաձեռն մարդասիրական օգնության համար՝ ինչպես պետական մակարդակով, այնպես էլ մասնավոր անձանց կողմից»:

ԱՄՆ պետքարտուղարը եւ Ղազախստանի ԱԳ նախարարը ծրագրում են սերտ շփումներ պահպանել, ասվում է հայտարարության մեջ։