Boeing ընկերության տիեզերագնացների պարկուճը, որում միայն փորձարկումների համար մանեկեն է եղել, առաջին անգամ վայրէջք է կատարել Միջազգային տիեզերակայանում, ինչը ընկերության համար հսկայական ձեռքբերում է՝ տարիներ շարունակ անհաջող արձակումներից հետո, հայտնում է PA MEDIA-ն:

Starliner-ի ժամանումով ՆԱՍԱ-ն վերջապես իրականացրել է ամերիկյան մրցակից ընկերություններից անձնակազմով տիեզերակայան պարկուճներ ուղարկելու իր երկարամյա ջանքերը:

Իլոն Մասկի SpaceX ընկերությունը նմանատիպ փորձարկում է անցկացրել երեք տարի առաջ եւ այդ ժամանակվանից տիեզերակայան է ուղարկել 18 տիեզերագնացների, ինչպես նաեւ՝ զբոսաշրջիկների:

Միակ անգամը, երբ Boeing-ի Starliner-ը թռել է տիեզերք, այն այդպես էլ չի մոտեցել կայանին՝ հայտնվելով սխալ ուղեծրում:

Այս անգամ, հինգշաբթի օրվա մեկնարկից հետո, վերանորոգված տիեզերանավը հասել է անհրաժեշտ վայր եւ 25 ժամ անց կցվել կայանին:

Եթե Starliner-ի առաքելության մնացած մասը հաջող անցնի, Boeing-ը պատրաստ կլինի իր առաջին անձնակազմն ուղարկել մինչեւ այս տարվա վերջը:

Տիեզերագնացները, որոնք կներառվեն Starliner-ի առաջին անձնակազմում, Հյուսթոնում միացել են Boeing-ի եւ ՆԱՍԱ-ի դիսպետչերներին՝ հետեւելով գրեթե 270 մղոն բարձրության վրա կատարվող գործողություններին:

Boeing Starliner-ի առաջին փորձնական թռիչքը 2019 թվականին ուղեկցվել է ծրագրային ապահովման սխալներով, որոնք ընդհատել են թռիչքը եւ կարող էին հանգեցնել տիեզերանավի կործանմանը:

Սխալները շտկվել են, բայց երբ անցյալ ամառ նոր պարկուճը սպասում էր թռիչքին, ժանգոտված փականները կանգնեցրել են հետհաշվարկը:

Այնուհետեւ կատարվել են վերանորոգման նոր աշխատանքներ, որոնց վրա Boeing-ը մոտ 600 միլիոն դոլար է ծախսել: