Մոլդովան պետք է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան հագեցած լինի, որպեսզի կարողանա «պաշտպանվել ռուսական ներխուժման սպառնալիքից», Telegraph թերթին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը։

Թրասի խոսքով՝ ներկայում դաշնակիցների հետ բանակցություններ են անցկացվում այն մասին, թե «ինչպես օգնել փոքր երկրներին պաշտպանել իրենց»:

Ակնհայտ է, որ «չնայած Ուկրաինայում սահմանափակ հաջողություններին, նախագահ Վլադիմիր Պուտինը պահպանում է մեծ Ռուսաստան ստեղծելու հավակնությունները», ասել է նա:

Մոլդովան ՆԱՏՕ-ի անդամ չէ, թեեւ Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացրել Ուկրաինա ներխուժումից երկու շաբաթ անց։

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ «ուկրաինական պաշտպանության արդիականացման մասին քննարկումները՝ ապագա ագրեսիան զսպելու համար, կտարածվեն նաեւ այլ խոցելի պետությունների վրա, ինչպիսին է Մոլդովան», հայտնում է BBC-ն։