Մայիսի 20-ին Թուրինում ընթացող Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի աշխատանքների շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչի հետ։ Այս մասին  NEWS.am-ին հայտնում են  ՀՀ ԱԳՆ-ից:

Նախարարները գոհունակությամբ են նշել երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան և պատրաստակամություն հայտնել խթանելու պատմական և բարեկամական կապերի վրա հիմնված հայ-սերբական հարաբերությունները։

Մտքեր են փոխանակվել միջազգային կառույցներում, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի շրջանակներում փոխադարձ շահերի վրա հիմնված համագործակցության վերաբերյալ։

Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար խնդիրներին, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության պաշտպանության անհրաժեշտությանը։

ՀՀ ԱԳ նախարարը գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի մանրամասները։