ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայում թիրախին նավից «Կալիբր» թեւավոր հրթիռով հարվածը Սեւ ծովի ավազանից է հասցվել, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Հատուկ ռազմական գործողության առաջադրանքների կատարման շրջանակներում Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը բարձր ճշգրտության զինատեսակներով հրթիռային հարված են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի ռազմական ենթակառուցվածքներին։ Սեւ ծովի ավազանից Սեւծովյան նավատորմի հածանավի անձնակազմը իրականացրել է «Կալիբր» թեւավոր հրթիռի արձակումը նշանակված ցամաքային թիրախի ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը «Կալիբր» հրթիռի արձակման կադրեր է հրապարակել։

Շաբաթ ավելի վաղ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը ասել էր, որ Ուկրաինայի Ժիտոմիրի շրջանում «Կալիբր» ծովային հրթիռների հարվածով ոչնչացվել է զենքի մեծ խմբաքանակ, որը ԱՄՆ-ից եւ Եվրոպայից էր ստացվել։