Այս օրերին ամենակարևոր հարցերից մեկը հետևյալն է՝ եթե այս իշխանությունները հեռանան, ի՞նչ պետք է անել, ի՞նչ քայլեր և գործողություններ պետք է ձեռնարկեն հաջորդիվ՝  իրական, արժանապատիվ խաղաղության հասնելու համար։ Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց Դիմադրության շարժման համակարգող, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ 

Նա կտրուկ քննադատեց Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանին ներկայացված առաջարկները՝ նշելով, որ դրանք ոչինչ չեն ասում, դիվանագիտորեն սխալ են ձևակերպված և չեն արտահայտում հայ ժողովրդի շահերը

«Հայկական կողմը կարող է բանակցային գործընթացին մոտենալ ավելի ամուր, միջազգային հանրության համար հասկանալի դիրքերից»,-շեշտեց նա։ 
Այս առումով նա ներկայացրեց արժանապատիվ խաղաղության հասնելուն ուղղված չորս հիմնական կետեր

Իշխան Սաղաթելյանը նախ նշեց հապճեպ, վտանգավոր և ճակատագրական կտրուկ քայլերից զերծ մնալու անհրաժեշտությունը։

Երկրորդ․ նա նշեց անվտանգ միջավայրի ստեղծման անհրաժեշտությունը, որը կանխատեսելի և հասկանալի կլինի ռազմավարական դաշնակցի և այլ կարևոր տարածաշրջանային և միջազգային գործընկերների համար։ 

Երրորդը, ըստ քաղաքական գործչի, անհրաժեշտ է անհապաղ մշակել և իրականացնել հեռանկարային և ռազմավարական հայեցակարգ ռազմական, ռազմարդյունաբերական, տեխնոլոգիական, տնտեսական և ենթակառուցվածքային ոլորտներում։ 

Իսկ չորրորդ կետը նա անվանեց հայության ողջ ներուժի համախմբումը։