Հեշտ է հասկանալ, թե ինչու են ոմանք կարծում, որ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին լավ միտք է: Դա ի շահ Պուտինի կծառայի, եթե նրա ներխուժումն Ուկրաինա ավարտվի այնպես, որ ռուսական սահմանը ՆԱՏՕ-ի հետ երկու անգամ մեծանա: Դա կարտացոլի այն, ինչ, կարծես թե, շատերի տրամադրվածությունն է Ֆինլանդիայում եւ աճող մեծամասնության՝ Շվեդիայում: Երկու կողմն էլ «առաջնակարգ» ռազմական ներուժ ունեն, ինչպես նաեւ հզոր ժողովրդավարական ավանդույթներ, ինչն էլ ավելի կամրապնդեր ՆԱՏՕ-ի հզորությունն ու հեղինակությունը, գրում է The Hill պարբերականը:

«Սակայն Պուտինին նվաստացնելու եւ ԱՄՆ-ի համաշխարհային ռազմական գերիշխանությունն ամրապնդելու ցանկությունը անհեռատես ու վտանգավոր է: Այն հղի է էսկալացիայով, Ուկրաինայում պատերազմի ձգձգմամբ եւ ընդլայնմամբ: Դա զգալիորեն կմեծացնի միջուկային հարվածների փոխանակման հավանականությունը, որը կարող է հեշտությամբ վերաճել գլոբալ հոլոքոստի: ԱՄՆ Սենատը, որը ձայների մեծամասնությամբ (երկու երրորդի չափով) պետք է համաձայնություն տա դաշինքում նոր անդամների ընդունման վավերացմանը, պետք է լավ մտածի, նախքան նոր թեկնածուների հաստատումը»,- նշում է պարբերականը:

ԱՄՆ գերագույն առաջնահերթությունը պետք է լինի այդ պատերազմի շուտափույթ ավարտը՝ հրադադարի անհապաղ հաստատմամբ եւ բանակցությունների միջոցով երկարաժամկետ եւ արդար կարգավորումը, ընդգծել է հոդվածի հեղինակ, քաղաքագետ Դիանա Օլբաումը:

«Սակայն Բայդենի վարչակազմը՝ Կոնգրեսի եւ արտաքին քաղաքական կարգի ճնշման տակ, միայն ուժեղացրել է իր ռազմական նպատակները՝ Ռուսաստանի զսպումից մինչեւ երկրի տապալում: Ուկրաինա կատարած այցից հետո ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն ԱՄՆ նպատակն անվանել է «Ռուսաստանի թուլացումն այն աստիճանի, որ չկարողանա այնպիսի գործողություններ անել, որոնք արել է Ուկրաինա ներխուժելով»»,- գրում է աղբյուրը:

Հոդվածագիրը նկատում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի ցանկությունն է հիմնական գործոն դարձել Ուկրաինա ներխուժելու մասին Պուտինի որոշման համար:

«Այո» ասելով Ֆինլանդիային եւ Շվեդիային՝ շատ ավելի բարդ կլինի «ոչ» ասել Ուկրաինային: Բացի այդ, այդ երկրների անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է հանգեցնել Եվրոպայի ապակայունացմանը, ոչ թե դրա պաշտպանությանը: