ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, նախագահի պաշտոնում Ասիա կատարելիք իր առաջին այցի շրջանակում Սեուլում գտնվելով, նախքան Ճապոնիա մեկնելը, պարզ ուղերձով դիմել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընին. «Բարեւ… վերջակետ», հաղորդում է Reuters-ը:

Բայդենն ասել է, որ «մտահոգված չէ» Հյուսիսային Կորեայի նոր միջուկային փորձարկումներով, որոնք առաջինը կլինեն վերջին հինգ տարում:

«Մենք պատրաստ ենք ամեն ինչի, ինչ կնախաձեռնի Հյուսիսային Կորեան»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը:

Սակայն նրա կտրուկ պատասխանը հարցին, թե ինչ ուղերձ է ցանկանում փոխանցել Կիմին, ընդգծել է վարչակազմի զսպված մոտեցումը Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններում չլուծված լարվածությանը:  

Նշվում է, որ ԱՄՆ մոտեցումներից ոչ մեկը չի հանգեցրել լուրջ առաջընթացի, եւ Հյուսիսային Կորեան վերսկսել է իր խոշորագույն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձարկումները, իսկ հետախուզությունը տեղեկացնում է, որ երկիրը պատրաստվում է նոր միջուկային փորձարկումների, հաղորդում է Reuters-ը: