Թուրքիայում ապրիլի 24-ին զորամասում զինակցի կողմից սպանված հայազգի Սեւակ Շահինի գործով առաջին դատական լսման ժամանակ հետաքրքիր  իրադարձություն է տեղի ունեցել, որը դուրս էր մնացել լրատվամիջոցների աչքից:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Sabah-ը` վկայակոչելով  «Ակոս»-ին,  Դիարբեքիրի զինվորական դատարանում բարձրաստիճան մի զինվորական, ում անունը չի հայտնվում,  հայտարարել է, թե Սեւակի սպանությունից հետո  ականատես մի զինվոր մոտեցել է  իրեն` ասելով, թե Քվանչ Աղաօղլուն Սեւակին ասել էր. «Թմբլիկ, քեզ սպանելու եմ»:  Սակայն դատին ներկա մյուս զինվորականները հերքել են այս խոսքերը:

Այս կապակցությամբ, Սեւակի փաստաբան Ջեմ Հալավուրթը  շեշտել է, թե այդ խոսքում ճշմարտություն կա, քանի որ դեպքից հետո ականատես զինվորները նույն բանն էին ասում, սակայն դատարանում լրիվ ուրիշ վկայություն են տալիս:

Նշենք, որ թուրքական դատարանը հենց առաջին դատական նիստի վերջում որոշել է, որ Քվանչ Աղաօղլուն փախչելու առիթ չունի եւ ազատ արձակել նրան՝ փոխելով խափանման միջոցը:

Ռազմական դատախազության կողմից պատրաստված մեղադրականում Քվանչ Աղաօղլուի համար պահանջվում է ընդամենը 9 տարվա ազատազրկում՝ «անփոթության հետեւանքով մարդ սպանելու համար»:

Հիշեցնենք որ 25-ամյա Սեւակն ավարտել էր Ստամբուլի տեխնիկական համալսարանի գեղեցիկ արվեստների ֆակուլտետը եւ ծառայության էր անցել Բաթման նահանգի Քոզլուքի շրջանում տեղակայված ժանդարմերիայի զորամասում: Սեւակի զորացմանը մնացել էր 23 օր, երբ նա սպանվեց զինակցի կողմից հենց ապրիլի 24-ին:

Սպանության ականատես զինվորները նշել էին, որ սպանության պահին Քվանչի հրազենի փողը ուղղված է եղել Սեւակի կողմ: Դեպքին ականատես զինվորներից Ֆազլա Քեսքինը պատմել, որ կրակոցի ձայնը լսելուց հետո Սեւակն ասել է. «Քվանչ եղբայր, այս ի՞նչ արեցիր, հասիր»: