ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի օրն ասել է, որ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում կապիկի ծաղիկի վերջին դեպքերը «պետք է բոլորին մտահոգեն», հաղորդում է AP-ն։

«Սա մտահոգիչ է այն առումով, որ եթե տարածվի, հետեւանքներ կլինեն»,- ասել է ԱՄՆ նախագահը` առաջին անգամ մեկնաբանելով վիրուսի տարածման մասին լուրերը։

Նախագահին հարցրել են հիվանդության մասին, երբ նա հանդես է եկել լրագրողների առջեւ Հարավային Կորեայի «Օսան» ավիաբազայում, որտեղ նա այցելել է զորքերին՝ նախքան Ճապոնիա թռչելը, որպեսզի շարունակի իր առաջին շրջագայությունը Ասիայում որպես նախագահ:

«Նրանք ինձ դեռ չեն ասել ազդեցության մակարդակի մասին, բայց դա այն է, ինչը պետք է բոլորին մտահոգի»,- ասել է Բայդենը: Նա հավելել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում այն պատվաստանյութի որոշման ուղղությամբ, որը կարող է արդյունավետ լինել:

Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Տոկիո թռչող ինքնաթիռում լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ն ունի պատվաստանյութի պաշար, «որը հարմար է կապիկի ծաղիկի բուժման համար»։