Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում կիրակի օրը բացվել են ընտրատեղամասերը՝ բնակիչները եկել են նոր նահանգապետ ընտրելու, հայտնում է AP-ն։

Մրցապայքարին մասնակցում է 31 թեկնածու, սակայն ամենամեծ ուշադրությունը կենտրոնացած է որպես անկախ գրանցված երկու թեկնածուների պայքարի վրա։

Նրանցից մեկը տրանսպորտի նախկին նախարար Չադչարտ Սիթիփունթն է, որը առաջատար է, իսկ մյուսը՝ Ասավին Կվանմուանգը, որը 2016 թվականից զբաղեցրել է զինվորականների կողմից նշանակված նահանգապետի պաշտոնը։ Մարտին նա հրաժարական է տվել՝ ընտրություններին մասնակցելու համար։

Թեկնածուները քարոզարշավ են անցկացրել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ճանապարհների գերբեռնվածությունը, շրջակա միջավայրի աղտոտվածությունը եւ մշտական ջրհեղեղները: Երկրում 4,4 միլիոն ընտրող է գրանցված։ Բացի նահանգապետից, նրանք ընտրում են նաեւ քաղաքային խորհրդի անդամներ։ Բանգկոկի նահանգապետի վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2013 թվականին, մեկ տարի առաջ այն բանից, երբ զինվորականները տապալեցին դեմոկրատական ճանապարհով ընտրված կառավարությունը:

Ո՛չ խորհրդարանի գլխավոր ընդդիմադիր Pheu Thai կուսակցությունը, ո՛չ իշխող Palang Pracharath կուսակցությունը, որը կապեր ունի բանակի եւ իշխող պահպանողական կառույցի հետ, պաշտոնապես թեկնածուներ չունեն քվեաթերթիկում:

Սակայն 55-ամյա Չադչարտը եւ՛ համակիրների, եւ՛ քննադատողների կողմից դիտվում է որպես Pheu Thai կուսակցության վստահելի անձ, որի համար նա առաջադրվել է վարչապետի պաշտոնում 2019 թվականի ընդհանուր ընտրություններում: 2012-2014 թվականներին նա կառավարությունում զբաղեցրել է տրանսպորտի նախարարի պաշտոնը։