Մենք այսօր այնպիսի բուռն իրավիճակում ենք գտնվում աշխարհաքաղաքական եւ Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների տեսանկյունից, որ  շատ կարեւոր է, որ մենք այս փուլում ճիշտ կողմնարոշվենք, երկիրը կարողանա ճիշտ ուղի ընտրել եւ հաղթահարել առաջացող մարտահրավերները: Այս մասին մայիսի 22-ին Ֆրանսիայի հրապարակում հայտարարել է Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսկացության բյուրոյի անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Քաղաքական գործչի խոսքով՝ ներկայում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որում նախկին՝ Հելսինկյան աշխարհակարգը փլուզվել է, եւ աշխարհը գտնվում է նոր աշխարհակարգի կազմավորման փուլում:

Ակնհայտ է, որ աշխարհը, շունչը պահած, սպասում է, թե ինչով կավարտվի այս բախումը՝ պատերազմն Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ, որն, ըստ էության, աշխարհը բաժանել է երկու մասի», ասել է նա:

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ մեր տարածաշրջանը աշխարհաքաղաքական տեսանկյունից եղել եւ շարունակում է լինել կարեւորագույն կենտրոններից մեկը, որտեղ միշտ տարբեր շահերի բախումներ են տեղի ունեցել:

«Եվ պատմության մեջ հաճախ տեսել ենք նման դեպքեր, եւ կարեւոր է, որ այս իրավիճակում մենք ճիշտ մարտավարություն ընտրենք: Այս տեսանկյունից ելնելով՝ կարծում եմ, որ մասնավորապես Հայաստանի համար շատ հստակ մարտահրավերներ են ձեւավորվել, որոնք, կարճ ասած, 44-օրյա պատերազմի բացասական հետեւանքները հաղթահարելու առաջադրանքներն են»,- ընդգծել է Ռուստամյանը:

«Մենք պետք է հասկանանք՝ ինչպես իրականացնենք մեր ռազմավարությունը, որ միաժամանակ ապահովենք ու վերականգնենք անվտանգությունը, անվտանգության նվազագույն անհրաժեշտ մակարդակը, որպեսզի կարողանանք չեզոքացնել արտաքին հարվածները, առաջին հերթին՝ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, սակայն նաեւ արձանագրենք զարգացման հնարավորություները, կարողանանք ճիշտ նշել զարգացման տեղն ու աղբյուրը»,- մեկնաբանել է պատգամավորը:

«Խորքային իմաստով քաղաքական եւ պետական ուղու հստակեցման խնդիր կա: Եթե մենք դա անմիջապես չանենք, մենք դա կկոչենք իբրեւ թե խաղաղության դարաշրջանի բացում, բայց երբ դու թույլ ես եւ չես կարող վերականգնել քո անվտանգությունը, դա խաղաղություն չի լինի, դա ստրկություն կլինի: Եվ հենց այդ պատճառով մեր ժողովուրդը, զգալով դա, ոտքի է ելել: Անվտանգության տեսանկյունից ելնելով ասում ենք, որ կան «կարմիր գծեր», որոնք մենք անպայմանորեն պետք է պահպանենք: Դրանք քայլեր են, որոնք ուղղված են գոյության պահպանմանը…»,- ասել է գործիչը: