Հայաստանը պետք է մասնավորեցնի, թե ինչ նկատի ունի Արցախի վերջնական կարգավիճակի մասին խոսելով: Այս մասին հայտարարել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը:

«Հայաստանի դիրքորոշման մեջ, որն արտացոլվել է վեց կետով, նշվում է Արցախի ժողովրդի անվտանգ կյանքի ապահովումը եւ Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը: Ենթադրում եմ, որ Հայաստանը պետք է պարզաբանի, թե ինչ նկատի ունի՝ ասելով «վերջնական կարգավիճակ», եւ առնվազն մասնավորեցնի, որ այդ կարգավիճակը չի նշանակում Ադրբեջանի կազմում լինելը»,- ասել է Ստեփանյանը:

Անդրադառնալով այն հայտարարությանը, որ միջազգային հանրությունը պահանջում է «իջեցնել նշաձողը», օմբուդսմենը նկատել է. «Ես չգիտեմ՝ ինչ կարող է նշանակել «իջեցնել նշաձողը»: Սակայն ես հստակ գիտեմ, որ դա ինչ չի կարող նշանակել: Արցախյան կողմը միշտ խոսել է ինքնորոշման եւ անկախության իրավունքի ճանաչման մասին»: