Ինչքան էլ խոսենք Հայաստանի տնտեսական մարտահրավերների մասին, եթե չունենք անվտանգության կայացած համակարգ, տնտեսության զարգացման հետ հույսեր կապելը միամտություն է։ Այս մասին մայիսի 22-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

«Որքան էլ խոսենք Հայաստանի տնտեսական մարտահրավերների մասին, եթե չունենք կայացած անվտանգության համակարգ, տնտեսության զարգացման հետ հույսեր կապելը միամտություն է։ Ոչ մի խելամիտ ներդրող Հայաստանում ներդրումներ չի անի՝ իմանալով, որ Հայաստանում անվտանգությունը փխրուն է, Հայաստանում անվտանգությունը ցանկացած պահի վտանգի տակ է»,- ասաց նա։

Քաղաքական գործչի խոսքով, հենց անվտանգության մարտահրավերը կապված է մի շարք գործոնների հետ, որոնց թվում՝ աշխարհաքաղաքական զարգացումներն են, իշխանությունների անգործությունը, Հայաստանի զինված ուժերը թուլացնելու նրանց քաղաքականությունը։

Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց, թե պատահական չէ, որ հարցումներում հանրապետության բնակիչներն առաջին հերթին նշում են անվտանգության հետ կապված մարտահրավերը։

Նրա խոսքով՝ մարդիկ հասկանում են, որ Հայաստանում անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ է։

Որպես օրինակ՝ քաղաքական գործիչը բերեց երեկվա միջադեպը, երբ ադրբեջանական զորքերի կողմից օկուպացված՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում հայ զինվոր է վիրավորվել։

Այսպիսով, ինչպես նշեց պատգամավորը, չնայած իշխանությունների կողմից պարտադրվող թեզին, որ եթե չլիներ արցախյան հարցը, մեր անվտանգության խնդիրը կլուծվեր, Հայաստանի քաղաքացիներն ամեն օր տեսնում են, որ մեր զինվորների կյանքը Հայաստանի տարածքում վտանգված է։