Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը Atlantic Council-ի կազմակերպած զրույցի ժամանակ ասել է, որ Վրաստանն այն երկրների ցանկում է, որոնք օգնում են Ռուսաստանին խուսափել պատժամիջոցներից, գրում է NetGazeti-ն։

Ի պատասխան երկրորդական պատժամիջոցների մասին FOX News-ի թղթակից Նանա Սաջայայի հարցին, մասնավորապես, թե խնդրում է արդյոք Ուկրաինան պատժամիջոցներ կիրառել այն մարդկանց եւ ընկերությունների դեմ, որոնք օգնում են Ռուսաստանին խուսափել պատժամիջոցներից, Երմակը պատասխանել է, որ Վրաստանում որոշ ազդեցիկ գործարարներ ռուսական ընկերություններում մեծ բաժնեմասեր ունեն, եւ նրանք ռուսական պատժամիջոցներից խուսափելուն հանցակից են։

«Սա շատ կարեւոր հարց է։ Մենք կարող ենք լուրջ պատժամիջոցներ մշակել (Ռուսաստանի դեմ), բայց միշտ կգտնվեն երկրներ կամ մարդիկ, որոնք սողանցք կգտնեն եւ կփորձեն օգնել նրանց։ Մենք շատ բաց ենք այս հարցում։ Մենք կարող ենք ապացուցել, որ որոշ ընկերություններ կամ անհատներ օգնում են Ռուսաստանին խուսափել այդ պատժամիջոցներից։ Մենք իսկապես մեծ հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերներին, ովքեր այս պատժամիջոցների ներքո ռիսկի են դիմում թե՛ տնտեսապես, թե՛ այլ կերպ:

Եվ ազնիվ չէ, երբ ոմանք հերքում են նման պատժամիջոցները եւ դրանից փող են աշխատում։ Ցավոք, այդպես են վարվում որոշ ասիական երկրներ։

Շատ տխուր կլիներ այս ցուցակում տեսնել բարեկամ երկրներին, ինչպիսին Վրաստանն է, որը սեւ ցուցակում է։ Թեեւ մենք շատ զգույշ ենք եւ շարունակում ենք մեր գործընկերների հետ ուսումնասիրել այս հարցը։ Ամեն ինչ պետք է փաստաթղթավորվի եւ ապացուցվի։

Անկասկած, սա երկրորդական պատժամիջոցների շատ կարեւոր մասն է։ ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների հետագա փաթեթները կավելանան։ Եթեխոսենք, օրինակ, Վրաստանի նման երկրի մասին, ապա գիտենք, որ որոշ ազդեցիկ գործարարներ մեծ մասնաբաժիններ ունեն ռուսական ընկերություններում, օրինակ՝ «Գազպրոմ»-ում։ Կարծում եմ, որ նրանք ներառված են (գործընթացի մեջ), որպեսզի Ռուսաստանը խուսափի պատժամիջոցներից»,- ասել է Անդրեյ Երմակը։

Անդրեյ Երմակը ղեկավարում է ուկրաինացի եւ միջազգային փորձագետների խումբը, որը գնահատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունավետությունը եւ նրանց աշխատանքը։

Atlantic Council-ը ամերիկյան վերլուծական կենտրոն է, որը հիմնադրվել է 1961 թվականին, որը ֆորում է միջազգային քաղաքական, գործարար եւ ինտելեկտուալ առաջնորդների համար: