Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն չորեքշաբթի կայցելի Իսրայել, հայտնում է թուրքական Daily Sabah գործակալությունը։

Նշվում է, որ սա կլինի Թուրքիայի արտգործնախարարի առաջին այցը Իսրայել վերջին 15 տարվա ընթացքում։

Ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ծրագրում է մայիսի 25-ին այցելել Իսրայել եւ հանդիպել իր իսրայելցի գործընկեր Յաիր Լապիդին։ Նա ծրագրում է Իսրայել այցից մեկ օր առաջ նաեւ Պաղեստին այցելել։

Թուրքիան եւ Իսրայելը վերջին շաբաթների ընթացքում աշխատում են իրենց վաղուց խզված կապերը կարգավորելու ուղղությամբ, եւ էներգետիկան համագործակցության պոտենցիալ ոլորտ է դարձել:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտին ասել էր, որ «շատ, շատ հույսեր է կապում» Իսրայելի հետ էներգետիկ համագործակցության հետ, եւ հույս ունի այդ հարցը քննարկել Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ: