Չինացի հետազոտողների խումբն առաջարկել է տիեզերական աստղադիտակ արձակել՝ որոնելու Երկրի մոտակա «զարմուհուն»՝ մոլորակի, որը չափսերով եւ զանգվածով նման կլինի մեր ոլորակին եւ պտտվելիս կլինի կյանքի համար պիտանի գոտում գտնվող աստղի շուրջ, ինչպիսին Արեւն է, գրում է South China Morning Post-ը:

Նախագծի ղեկավարի խոսքով՝ Նանկինում գտնվող Գիտությունների չինական ակադեմիայի աստղադիտարանի տարածքից դեռեւս ոչ մի նման մոլորակ չի հայտնաբերվել, սակայն դա կարող է օգնել բացահայտելու՝ արդյոք Երկիրը միակ մոլորակն է տիեզերքում, որը պիտանի է կյանքի համար:

Ավելի քան 5000 էկզոմոլորակների շրջանում կամ մեր Արեգակնային համակարգից դուրս գտնվող մոլորակների շարքում շատերը մեծ են Երկրից կամ գտնվում են այնպիսի գոտում, որտեղ գոյատեւելու համար պայմանները քիչ հավանական են:  

Closeby Habitable Exoplanet Survey առաքելությունը, որի շուրջ մասնագետներն աշխատում են արդեն մոտ 10 տարի, իր առաջ նպատակ է դնում հետեւել մոտ 100 արեւանման աստղերի, որոնք Արեգակնային համակարգից գտնվում են 32 լուսային տարի հեռավորությամբ: