Միջազգային հանրությունը պետք է իջեցնի առեւտրային շեմը գնաճի դեմ պայքարի համար։ Այսպիսի կոչ է արվել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կարգադրիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիեւայի, նրա առաջին տեղակալ Գիտա Գոպինատի եւ ԱՄՀ-ի ռազմավարության, քաղաքականության եւ վերլուծության հարցերի վարչության տնօրեն Ջեյլա Պազարբաշիօղլուի՝ երկուշաբթի հրապարակված համատեղ հոդվածում։

Նրանք կոչ են արել «վերականգնել վստահությունը կանոնների վրա հիմնված գլոբալ տնտեսական համակարգի հանդեպ»։ «Մենք կարող ենք սկսել հենց հիմա՝ իջեցնելով առեւտրային շեմը, որպեսզի հաղթահարենք դեֆիցիտը եւ իջեցնենք մթերքների եւ այլ ապրանքների գները։ Ոչ միայն երկրները, այլեւ ընկերությունները պետք է դիվերսիֆիկացնեն ներմուծումը, որպեսզի ապահովեն մատակարարումների շղթայի անվտանգությունը եւ պահպանեն գլոբալ ինտեգրման հսկայական առավելությունները բիզնեսի համար»,- նշել են հոդվածի հեղինակները։

Առեւտրի, տեխնոլոգիական չափորոշիչների եւ անվտանգության հարցերում  առկա լարվածությունը, նշել են նրանք, արդեն քանի տարի խորանում է՝ խափանելով վստահությունը ներկայիս գլոբալ տնտեսական համակարգի հանդեպ։ ԱՄՀ-ի տվյալների համաձայն՝ առեւտրային քաղաքականության հարցում միայն անորոշությունը 2019թ. հանգեցրել է  համաշխարհային ՀՆԱ-ի նվազման գրեթե 1 տոկոսով։ Ընդ որում՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության սկզբից մոտ 30 երկիր սահմանափակել է պարենի, էներգակիրների եւ այլ կարեւոր ապրանքների առեւտուրը, նշվել է հոդվածում։

ԱՄՀ-ում նաեւ  կոչ են արել օգնություն ցուցաբերել աղքատ երկրներին՝ թեթեւացնելու համար նրանց պարտքի բեռը, արդիականացնել միջազգային դրամական փոխանցումները ցածր վճարով գլոբալ պլատֆորմի ստեղծման ճանապարհով եւ պայքարել կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ճգնաժամի դեմ։