Մեկուկես տարում ավելի քան 100 քրեական գործ է հարուցվել ադրբեջանցիների կողմից Արցախի բնակիչների իրավունքների խախտումների դեպքերով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։

«Եթե անգամ չի հաջողվում պատասխանատվության ենթարկել մեղավորներին, անհրաժեշտ է ցույց տալ, որ Ադրբեջանը հետեւողականորեն իրականացնում է հայերի հանդեպ ատելության քաղաքականություն։ Որովհետեւ, միջազգային իրավունքի համաձայն, ժողովրդին, որի հանդեպ իրականացվում է ատելության քաղաքականություն, պետք է փրկել։ Հենց այդ պատճառով է Ալիեւն ամեն կերպ փորձում ընդգծել, որ նման դեպքերը եզակի բնույթ են կրում։ Այսինքն՝ նա ցանկանում է, որպեսզի միջազգային հանրության աչքին դա ծրագիր չթվա։ Մեր խնդիրն է՝ ներկայացնել իրականությունը, մեկ կենտրոնի՝ Ադրբեջանի իշխանությունների գործողությունների համակարգված, միտումնավոր բնույթը»,- նշել է օմբուդսմենը։

Պատասխանելով ադրբեջանցի հանցագործների միջազգային հետախուզման մասին հարցին՝ նա նշել է, որ հարուցված քրեական գործերի մասին տվյալները փոխանցվում են Հայաստանի դատախզություն եւ ՌԴ-ի՝ խաղաղապահ զորակազմին կից դատախազության ներկայացուցչին։ Սակայն հետախուզման համար անհրաժեշտ է նույնականացնել հանցագործին։ Սա ամենամեծ խնդիրն է, քանի որ Ադրբեջանը չի համագործակցում եւ տվյալներ չի ներկայացնում հանցագործություններ կատարած անձանց մասին։