Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է օրենք «Ուկրաինայի որոշ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին՝ առանձին անձանց ակտիվների հետ կապված պատժամիջոցների արդյունավետության բարձրացման վերաբերյալ», որով պարզեցվում է պատժամիջոցների տակ գտնվող ռուսաստանցիների գույքի բռնագանձման կարգը։ Այս մասին տեղեկացրել են նախագահի գրասենյակում։

Օրենքը սահմանում է պատժամիջոցների նոր տեսակ, որով պետության եկամուտների օգտին առգրավվում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատկանող ակտիվները, ինչպես նաեւ այն ակտիվները, որոնք կարող են ուղիղ կամ անուղղակի կառավարվել։ Հստակեցվել են չափորոշիչները, որոնցով անձը կարող է դասվել այն շրջանակին, որոնց վրա տարածվում է այդ պատժամիջոցների գործողությունը։

«Պատժամիջոցների տակ գտնվող անձանց, որոնք այս կամ այն կերպ պաշտպանում են ագրեսիան Ուկրաինայի դեմ, ակտիվների պարզման եւ բռնագանձման կարգը թույլ կտա արագ եւ արդյունավետ լրացնել ուկրաինական բյուջեն ի հաշիվ թշնամիների։ Օրենքը նախատեսում է հստակ հրահանգ այն մարնիններին, որոնք պատասխանատու են այդ գործընթացի համար։ Հույս ունեմ նրա բոլոր մասնակիցների փոխգործակցության հարցում»,- նշել է պետության ղեկավարը։

Որոշվել է, որ ակտիվների որոնման եւ դատարան դիմելու պատասխանատուն լինելու է գործադիր իշխանության կենտրոնական մարմինը, որն ապահովելու է պետական քաղաքականության իրականացումը ակտիվների բռնագանձման ոլորտում՝ հօգուտ պետական եկամուտների։ Այդ մարմինը հավանաբար արդարադատության նախարարությունն է լինելու։ Այն պետք է կազմակերպի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի որոշումներում նշված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ակտիվների հայտնաբերման եւ հետախուզման աշխատանքը։

Ակտիվների բռնագանձումը հօգուտ պետեկամուտների դիտարկելու է Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը։

Ինչպես տեղեկացրել է УНИАН-ը, Գերագույն ռադան այս օրենքի օգտին քվեարկել է ապրիլի 21-ին։ Բայց նախագահն այն վերադարձրել է խորհրդարան՝ իր առաջարկներով։ Մայիսի 12-ին տեղի է ունեցել օրենքի ընդունումը՝ պետության ղեկավարի առաջարկներով։

Ինչպես նշել է կոռուպցիայի կանխման հանձնաժողովի ղեկավար Ալեքսանդր Նովիկովը, օրենքի ընդունումը թույլ կտա առգրավել այն ակտիվները, որոնք կազմում են նախկին պատգամավոր Վիկտոր Մեդվեդչուկին պատկանող միլիարդները։