Չնայած նավթի արտահանումից Նորվեգիայի եկամուտների ավելացմանը՝ երկրի տնտեսությունը տուժում է ֆոնդային շուկայի անկումից, իսկ դրա քաղաքացիները՝ էլեկտրաէներգիայի եւ բենզինի գների բարձրացումից, հայտարարել է Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղար Էյվինդ Վադ Պետերսոնը, գրում է Aftenposten-ը։

Այդպես է նա արձագանքել Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկու՝ նավթի արտահանումից ստացվող եկամտով կիսվելու կոչին, որը, ըստ նրա, կտրուկ աճել է ապրանքային շուկայում գների բարձրացման պատճառով։ «5 միլիոն բնակչությամբ փոքր նահանգում, ինչպիսին Նորվեգիան է, նավթից եւ գազից ստացված շահույթը կգերազանցի 100 միլիարդ եվրոն: Գրեք Նորվեգիայում ձեր երիտասարդ ընկերներին: Նրանք պետք է կիսվեն այդ հսկայական շահույթով»,- ասել է վարչապետը՝ ելույթ ունենալով լեհ երիտասարդների առջեւ:

Պետերսոնը վիճարկել է Մորավիեցկու հաշվարկները եւ նշել, որ նավթի եւ գազի արտահանումից ստացված ավելցուկային եկամուտները հիմնականում ուղղվում են Պետական ​​կենսաթոշակային հիմնադրամին (Նավթային հիմնադրամ): «Չնայած ուկրաինական պատերազմի արդյունքում նավթից եկամուտներն աճել են, սակայն հիմնադրամի ծավալը նվազել է։ Նոր տարվանից հիմնադրամի ծավալը կրճատվել է մոտ 550 մլրդ նորվեգական կրոնով (56.1 մլրդ դոլար)՝ մասամբ ֆոնդային բորսայի անկման պատճառով»,- պարզաբանել է ԱԳՆ-ի պետքարտուղարը։

Նա նաեւ մատնանշել է, որ էլեկտրաէներգիայի եւ բենզինի թանկացումն ազդել է Նորվեգիայի քաղաքացիների վրա:

Նորվեգիան արդեն զգալի ներդրում է ունեցել Ուկրաինային աջակցության գործում, հիշեցրել է Պետերսոնը, եւ պատրաստվում է էլ ավելի մեծ օգնություն ցուցաբերել պետությանը։