Ուկրաինայում զոհվել է Ռուսաստանի հերոսի՝ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի զարմիկը, հայտնում է «Բազա» տելեգրամյան ալիքը։

«27-ամյա Սալման Սուլեյմանովը դասակի հրամանատար էր։ Հունվարի սկզբին նրան տեղափոխել էին Ուկրաինայի հետ սահման։ Ապրիլի վերջին, ըստ «Բազա» տելեգրամյան ալիքի, Սալմանը զոհվել էր մարտերի ժամանակ։ Ինքը՝ գեներալ-լեյտենանտ Մուրադովը, Ուկրաինայում վիրավորվելուց հետո այդ պահին հիվանդանոցում էր։ Երբ նրան հայտնել են զարմիկի մահվան մասին, Մուրադովը խնդրել է գոնե մի ոսկոր գտնել, որպեսզի հնարավոր լինի թաղել նրան: Ըստ Baza-ի աղբյուրի՝ արդյունքում Սալմանի աճյունը բերվել է տուն՝ Դաղստան։ Գեներալը հուղարկավորության համար դուրս է գրվել հիվանդանոցից։

Ռուստամ Մուրադովը մինչեւ 2022 թ. փետրվար ղեկավարել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը։ Նա անցել է երկու չեչենական արշավների միջով եւ եղել է ռազմական խորհրդական Սիրիայում։ Մուրադովը մասնակցել է Վերին Ցենտորոյ գյուղի գրավմանը եւ ապստամբ Իչկերիայի Հանրապետության նախագահ Ասլան Մասխադովի շտաբի լուծարմանը։ Մուրադովը ջոկատներ է ղեկավարել նաեւ Սիրիայում՝ զբաղեցնելով ռազմական խորհրդականի պաշտոնը։ Սիրիայում օպերացիայի իրականացման համար Մուրադովին Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհվել: