Մայիսի 21-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել «Գորիսի» բժշկական կենտրոնից, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ  իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի, տեղեկացնում է shamshyan.com-ը։  

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության  բաժանմունքի տեսուչ Հովաննիսյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ, 46-ամյա Գարիկ Առաքելյանն է, ով որոշ ժամանակ անց հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է:

Գորիսի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 16:00–ի սահմաններում  Գ. Առաքելյանը Սյունիքի մարզի Վաղատուր գյուղի վարչական տարածքում «Բայանդուրի հանդ» կոչվող տարածքում ջրագծի համար փոս քանդելու աշխատանքներ կատարելու ժամանակ, հողը քանդվել և լցվել է փոսի մեջ` ծածկելով վերջինիս, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիսի» բժշկական կենտրոն, որտեղ էլ ժամը 19.00-ին գիտակցության չգալով մահացել է:

Կայքի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Բազալտ ԵՄ» ՍՊԸ-ում»՝  որպես բանվոր: Փաստի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: