Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան Արցախի մասին, Արցախի ինքնորոշման մասին ոչ մի բառ չի ասում: Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, ԱԳ նախարարության շենքի դիմաց «Դիմադրության» շարժման ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով բրյուսելյան հայտարարությանը։

Նա դիմելով ԱԳՆ դիմաց հավաքված քաղաքացիներին՝ հարցրեց, թե արդյո՞ք իրենց պետք է նման իշխանություն։

«Ոչ, ոչ»,- եղավ արձագանքը։

«Հայաստանի իշխանությունը պետք է լինի այնպիսին, որ պաշտպանի Արցախի շահը։ Ստացվում է, որ մեր նորագույն պատմության մեջ առաջին անգամ արդեն  Հայաստանի իշխանությունից պետք է պահանջենք նաև Հայաստանը պաշտպանել։ Բրյուսելյան «համաձայնությամբ» արդեն Հայաստանի սահմաններն էլ են խնդիր ունենում»,- ասաց Վարդևանյանը։

Նրա խոսքով, այն հայրենակիցները,  ովքեր դեռ չեն զարթնել, չեն պատկերացնում. թե մենք ուր ենք հասել. «Սա ամենավատից էլ վատ է։ Դրա համար պետք է էլ ավելի համախմբենք, միասնական լինենք ու գնանք մինչև վերջ։ Մենք մեր պայքարը դիտարում ենք հանուն Հայաստանի, հանուն Արցախի ու մեր պայքարում ոչ մի հետքայլ չենք անելու»,- ասաց Արամ Վարդևանյանը։

Նշենք, որ «Դիմադրության» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 24-ի վաղ առավոտյան հավաքվել են Ֆրանսիայի հրապաևակում, որտեղից երթ է սկսվել Երեւանի փողոցներով: Ցուցարարները հասել են ԱԳՆ շենքի մոտ եւ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի կոչով շրջափակել շենքի բոլոր մուտքերը: