Այս իշխանություններն այդպես էլ չկարողացան հասկանալ, որ Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի, Վազգեն Սարգսյանի հիմնադրած և Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցության ներկայացուցիչներին ինչ-որ խուզարկություններով վախեցնել չեն կարող։ Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, ԱԳՆ շենքի մոտ, «Դիմադրության» շարժման բողոքի ակցիայի ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով նրան, որ իրավապահները ՀՀԿ տեղական մարմինների առաջնորդների բնակարաններում խուզարկություններ են իրականացնում:

«Իրենց տեսակն է վախենում խուզարկություններից, մեր տեսակը չի վախենում։ Դրանք անհեթեթ, հիմնազուրկ խուզարկություններ են, վստահ եմ, որ որևէ բան չի հայտնաբերվելու, որովհետև հայտնաբերելու բան չկա», - ասաց Մամիջանյանը։

Արձագանքելով իշխանական պատգամավորների հայտարարություններին, թե երկրում իշխանափոխության վտանգ չկա, Մամիջանյանն ասաց. «Իշխանափոխության վտանգ չեն տեսնում, դրա համար Երեւանում կենտրոնացած են տասնյակ հազարավոր ոստիկանական զորքեր Հայաստանի բոլոր մարզերի՞ց: Իշխանափոխության վտանգ չեն տեսնում, դրա համար իրար հերթ չտալով իրենց երեսփոխաններն արագ-արագ ասում են՝ իշխանափոխություն չի՞ լինելու։ Նիկոլն այլևս չկա, դրա համար էլ երեսփոխանները վախեցել են։ Շուտով դա կփաստագրվի»։

Նշենք, որ «Դիմադրության» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 24-ի վաղ առավոտյան հավաքվել են Ֆրանսիայի հրապաևակում, որտեղից երթ է սկսվել Երեւանի փողոցներով: Ցուցարարները հասել են ԱԳՆ շենքի մոտ եւ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի կոչով շրջափակել շենքի բոլոր մուտքերը: