Ռուսական գազ ներկրող հունական բոլոր ընկերությունները սկսել են «Գազպրոմ»-ին վճարել նոր կարգով. մատակարարումների ընդհատում չի լինի, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է աղբյուրը ոլորտում։

«Հունական բոլոր գնորդ ընկերություններն անցել են ռուբլով վճարումներին»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Երկրում երեք հիմնական ներկրող կա՝ DEPA Commerce, Mytilineos, Prometheus Gas ընկերությունները։ Ռուսաստանից մատակարարումները, սեզոնից կախված, կազմում են ներմուծման 45-ից 55 տոկոսը: Փորձագետների կարծիքով՝ առաջիկա տարիներին ռուսական գազն այլ աղբյուրներով փոխարինել չի հաջողվի:

«Գազի ապրիլյան մատակարարման դիմաց վճարման վերջնաժամկետը մայիսի 25-ն է։ Ուստի անհրաժեշտ է, որպեսզի մայիսի 23-ին գումարը փոխանցվի հատուկ հաշվին։ Ռուբլու կոնվերտացման եւ մի հաշվից մյուսը փոխանցելու համար պահանջվում է երկու օր։ Դրա համար եվրոյով վճարումը պետք է ստացվի մայիսի 23-ին»,- պարզաբանել է աղբյուրը:

Նախօրեին Աթենքի AMNA լրատվական գործակալությունը հայտնել էր, որ DEPA-ն, Եվրահանձնաժողովի՝ մայիսի 19-ի ցուցումների համաձայն, ապրիլյան մատակարարումների համար եվրոյով է վճարել է «Գազպրոմ»-ին: