Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները շարունակում են շրջափակած պահել արտաքին գործերի նախարարության շենքը։ Ընդդիմադիր պատմավորները ցանկանում են մտնել ԱԳՆ շենք, սակայն ոստիկանները փակել են մուտքը և թույլ չեն տալիս։

«Բայց մենք խի՞ պետք է հարմարացնենք մեր օրկարգը նախարարի օրակարգի հետ: Մենք իր հետ հատուկ հանդիպում չենք ուզել: Թե ինքը ով է, մեզ համար շատ պարզ է: Մենք երկար չենք կարող սպասել, մեր գրաֆիկն էլ  որևէ մեկի հետ չենք համաձայնեցնելու։ Խնդրում ենք բացել ճանապարհը, պատգամավորները պետք է մտնեն նախարարություն, ասելիք  ունենք, իսկ եթե նախարարը ուզենա այդ ընթացքում հանդիպել մեզ հետ, պրոբլեմ չկա, իրեն էլ ինչ պետք է կփոխանցենք»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա ասաց, որ ևս 5 րոպե սպասում են, այնուհետև իրենք կբացեն դուռը. «Եթե մեկին թվում է՝  շարունակ պետք է խախտի պատգամավորների իրավունքը, թույլ չտա, մենք էլ թույլ չենք տալու, որ դուռը փակ մնա։ Պատգամավորները ցանկանում են անձամբ շենք մտնել,  փոխանցել ժողովրդի ուղերձն ու ժողովրդի անունից  ասելու, որ երկիրը հերթական անգամ աճուրդի հանելու իրավունք և մանդատ չունենք»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նշենք, որ «Դիմադրության» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 24-ի վաղ առավոտյան հավաքվել են Ֆրանսիայի հրապաևակում, որտեղից երթ է սկսվել Երեւանի փողոցներով: Ցուցարարները հասել են ԱԳՆ շենքի մոտ եւ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի կոչով շրջափակել շենքի բոլոր մուտքերը: